Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվել են հողի հարկի, գույքահարկի ապառքների զրոյացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող հարկային վարչարարության հստակեցմանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ Ազային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացվել և արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Խնդրին առավել համապարփակ լուծում տալու նպատակով կառավարության հետ համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, և ՏԿ նախարարությունը նախագծի վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:
Փոխվարչապետը, անդրադառնալով առաջարկությունների հիմնական նպատակներին ու ուղղություններին, պարզաբանել է, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվելու սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը:
«Հարցերը պետք է լուծվեն վարչարարության արդյունավետության բարձրացման և համայնքների համար բյուջետավարման գործընթացի պարզեցման տեսանկյունից»,-նշել է Ա. Գևորգյանը:
Հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը՝ առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ և զրոյացնել մինչ այդ ժամկետը հողի հարկի և գույքահարկի մասով գոյացած ապառքները:
Մյուս առաջարկը վերաբերել է արդեն ամրագրված ժամկետից հետո ընկած հատվածի համար հարկային արտոնությունների տրամադրմանը: Փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին հողի հարկի մասով կիրառված արտոնությունները ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական նշանակություն են ունեցել. մասնավորապես համայնքային բյուջեներ է մուտքագրվել մոտ 3 մլրդ դրամ:
Առաջարկությունների մյուս ուղղությունները վերաբերել են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը և համայնքի ղեկավարի պատասխանատվությանը:
Նշվել է, որ այս առաջարկությունների հիման վրա համատեղ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կմշակվի: Փոխվարչապետը կոլեգիայի անդամներին ևս առաջարկել է մասնակցել այդ աշխատանքներին:
Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաև տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հատված հարաբերությունների հստակեցման և գործող ընթացակարգերի բարելավման նպատակով կատարված ուսումնասիրությունները: Զեկուցվել է, որ կատարվել է վերլուծություն` ըստ նշված հարաբերությունների բնույթի և ոլորտների: Ա. Գևորգյանը հանձնարարել է շարունակել վերլուծությունները և ուսումնասիրությունները, բացահայտել ՏԻՄ-գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմները, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածությունը և անհրաժեշտության դեպքում` առաջարկել դրանք պարզեցնելու եղանակներ:
Նիստում ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ համայնքների 2011թ. բյուջետային ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ 2011թ. ծախսերը կազմել են 106,6 մլրդ դրամ` 2010թ. համեմատ 6,4 մլրդ դրամով ավելի:
Փոխվարչապետն ընդգծել է, որ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության մշակման հարցը ՏԿՆ 2012թ. գերակայությունների թվում է, և այդ ուղղությամբ կատարված աշխատանքների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկություններ պարբերաբար կներկայացվեն կոլեգիայի նիստում: Նա կոլեգիայի անդամներին ևս հորդորել է մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին: Այդ մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:








































