TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 2011 թվականին Թուրքիա է այցելել 31 միլիոն զբոսաշրջիկ: 2002 թվականի համեմատ (երբ Թուրքիայում իշխանության եկավ ներկայիս վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը) զբոսաշրջությունից ստացված շահույթն աճել է 94 տոկոսով՝ հասնելով 23 միլիարդ դոլարի:
Զբոսաշրջիկների քանակով Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացած շահույթի ցուցանիշով՝ 9-րդ տեղը։ Զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ հանրաճանաչությունը վայելում է Ստամբուլում գտնվող Այա Սոֆիայի թանգարանը, ուր նախորդ տարի այցելել է 3.1 միլիոն մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե թուրքական կողմը նպատակադրվել է 2012 թվականին զբոսաշրջիկների այցելության ցուցանիշը հասցնել 32 միլիոնի, իսկ զբոսաշրջությունից ստացած եկամուտը՝ 27 միլիարդ դոլարի։ Զբոսաշրջիկների քանակով Թուրքիան պետք է աշխարհում զբաղեցնի 5-րդ տեղը։
2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) այդ ցուցանիշները պետք է հասցվեն համապատասխանաբար՝ 50 միլիոն մարդու և 50 միլիարդ դոլարի»։








































