Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիային հեռացնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս.
«Ադրբեջանն արել է ամեն հնարավոր բան՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: Հնարավոր է՝ մենք տվյալ ուղղությամբ ավելի շատ ենք աշխատել, քան Թուրքիան ինքը: Մեր խորհրդարանը հատուկ հայտարարություն է տարածել այդ օրինագծի կապակցությամբ: Նախագահի աշխատակազմից, հասարակական կազմակերպություններից սկսած մինչև երկրի շարքային քաղաքացի դատապարտեցին այդ օրինագծի ընդունումը:
Մենք Բաքու հրավիրեցինք Ֆրանսիայի Սենատի անդամներին և ևս մեկ անգամ հայտնեցինք մեր դիրքորոշումը: Այսինքն՝ մենք արեցինք ամեն հնարավոր բան, պարզապես պետք էր դա տեսնել: Բաքուն մտածել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիային դուրս մղելու հարցի շուրջ: Դժբախտաբար, գոյություն չունի համանախագահող երկրներին դուրս մղելու պրակտիկա: Դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս: Ադրբեջանի ցանկությունը չէ: Դժբախտաբար, մեզ չի հաջողվում տվյալ հարցում հասնել կոնսենսուսի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր. «Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում Ադրբեջանը լիովին աջակցել է Թուրքիային: Մենք գոհ ենք այդ հարցում Ադրբեջանի զբաղեցրած դիրքորոշման առնչությամբ մեր տեսածից ու լսածից: Սակայն Ադրբեջանը կարող էր անել ավելին, թեև ես կարծում եմ, որ մենք նույնպես պետք է ավելին անեինք: Ֆրանսիայի նկատմամբ մեր հետագա քայլերը բխելու են հետագա իրավիճակից»:









































