Քաղաքապետարանի ավագանու անդամ, կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը Մաշտոցի պուրակ ներկայացավ որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ:
Բանակցությունները նստացույցի անդամների և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ ավարտվեցին փոխադարձ վիրավորանքներով: Արա Երնջակյանը փորձում էր բացատրել, որ պուրակում տեղադրվող էլիտար կրպակները ժամանակավոր բնույթ ունեն։ Զարուհի Փոստանջյանը նրանից պահանջեց ներկայանալ, քանի որ նախապես գիտեին, թե քաղաքապետարանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը պիտի հայտարարությամբ հանդես գա, այնինչ նա Արա Երնջակյանն է: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Արա Երնջակյանը Մերուժան Տեր-Գուլանյանի նման մի մտավորական է, որը փորձում է պաշտպանել իշխանություններին:
«Դուք այսօր փորձում եք անել այն, ինչ ձեր նման մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը՝ Քաջարան գյուղում: Դուք փորձում եք պաշտպանել իշխանությունների ապօրինությունը: Այստեղ ապօրինի շինարարություն է տեղի ունենում: Դուք որպես ո՞վ եք եկել այստեղ»,- դիմեց Զարուհի Փոստանջյանը Արա Երնջակյանին, որը խոսակցությունը կիսատ թողնելով՝ հեռացավ:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երնջակյանն ասաց, թե համոզված է, որ կրպակների տեղադրումը ժամանակավոր բնույթ է կրում, և այստեղ սկսելու են իրականացնել Հին Երևան ծրագիրը, սակայն նա իր խոսքում Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստներին թափթփուկներ անվանեց:
Հիշեցնենք, որ երկու ժամ առաջ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ասել էր, թե քաղաքապետարանից ամենաբարձր մակարդակով կլինի պաշտոնական հայտարարություն: Այս պահին ակցիան շարունակվում է, և ակցիայի մասնակիցների համար ամեն բան անորոշ է:







































