Բոբի Բրաունը` Հյուսթոնի նախկին ամուսինը, կմասնակցի նրա հուղարկավորության արարողությանը,- այդ մասին ուրբաթ օրը գրել է People ամսագիրը:
«Բոբի Բրաունը ներկա կգտնվի արարողությանը, նա կաջակցի առանց մայր մնացած 18-ամյա աղջկան»,- հայտնել է ամսագրի աղբյուրը: Նրա խոսքերով` տեղեկությունն այն մասին, թե 43-ամյա Բրաունին արգելել են գալ հուղարկավորության արարողությանը, չի համապատասխանում իրականությանը,- տեղեկացնում է «Интерфакс»-ը:
Բրաունն ամուսնացած է եղել Հյուսթոնի հետ 1992-2007 թթ.: Ըստ ԶԼՄ-ների՝ երգչուհու հարազատները նրան մեղադրում են, որ վերջինս Հյուսթոնին թմրադեղերի կախվածության մեջ է գցել:
Հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև հայտնի ամերիկացի դերասան Քևին Քոստները, որը Հյուսթոնի հետ խաղացել է հռչակավոր «Թիկնապահը» ֆիլմում:
Սգո արարողությանը ներկա կգտնվեն այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ջեյ Զին, հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Էլթոն Ջոնը: Հուղարկավորությունը կհեռարձակվի համացանցի ուղիղ եթերով:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնի մարմինը գտել էին անցյալ կիրակի Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցի իր համարում:










































