Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը.
իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այլք:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է, որ Արցախի Հանրապետության անկախությունը հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ եւ միջազգային իրավական նորմերով:
«Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիոն պատերազմում և ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը, ինչպես նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա»,- ասել է Է. Շարմազանովը` ընդգծելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը:
Նրա խոսքով` վերջին զարգացումները ցույց են տվել, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի և Արևելյան Թիմորի օրինակով: «Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»,- իր ելույթում նշել է նա: