ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Գլխավոր ասամբլեայում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, որով դատապարտվում է Սիրիայի իշխանությունների բռնի գործողություններն ընդդեմ խաղաղ բնակչության և ընդդիմության: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պան Գի Մունը պաշտոնական Դամասկոսին հորդորել է լսել միջազգային հանրության կոչը և սիրիացի ժողովրդի ձայնը. «Կարևոր է, որպեսզի ողջ աշխարհը միաձայն հայտարարի արյունահեղության դադարեցման անհրաժեշտության մասին և կրկնապատկի ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հենց դա էլ այսօր արեց Գլխավոր ասամբլեան»,- մեջբերել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը նրա պաշտոնական ներկայացուցիչը: Այս խնդիրները լուծելու համար Պան Գի Մունը սերտորեն համագործակցելու է Արաբական պետությունների լիգայի հետ:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով դատապարտվում է Դամասկոսի գործելաոճն ընդդեմ խաղաղ բնակչության և ընդդիմության: Բանաձևը նաև աջակցում է Արաբական պետությունների լիգայի առաջ քաշած ծրագիրը, որով նախատեսվում է Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: Բանաձևին կողմ է քվեարկել 137 երկիր, դեմ` 12-ը, ձեռնպահ` 17-ը, այդ թվում` Հայաստանը:
Թեպետ Ռուսաստանն ու Չինաստանը կրկին դեմ են եղել բանաձևի ընդունմանը, սակայն ի տարբերություն Անվտանգության խորհրդի՝ Գլխավոր ասամբլեայում նրանք հնարավորություն չունեն կիրառելու վետոյի իրավունքը:









































