Եթե դուք կարծում եք, որ բոլոր այծերը նույն ձայներն են արձակում, ապա սխալվում եք: Daily Mail-ը գրում է, որ հետազոտողները պնդում են, որ կենդանիները ձայներ են արձակում, որոնք տարբեր շեշտադրություն ունեն:
Նրանք պարզել են, որ այծերն այլ «շեշտադրությամբ» են «խոսում»` կախված նրանից, թե ինչպիսի նախիրում են նրանք ապրում: Կենդանիների մկկոցը աստիճանաբար նմանվում է նրանց հասակակիցների ձայներին, երբ նրանք մեծանում են:
Լոնդոնի համալսարանի գիտնականներն այժմ հավատացած են, որ տարածաշրջանային շեշտադրումները կաթնասունների շրջանում շատ ավելի տարածված են, քան նախկինում ենթադրվում էր:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 4 տարբեր նախիրների այծերի ձագերին` մի քանի շաբաթ շարունակ ձայնագրելով նրանց գաղտնի ձայնագրիչի միջոցով:
Սկզբում ձագերը մնում էին իրենց ծնողների հետ, և նրանց մկկոցը նման էր հենց ծնողների արձակած ձայներին: Բայց մեծանալու հետ մեկտեղ այծերը կազմում են հասարակական խմբեր իրենց հասակակիցների հետ, և նրանց ձայները նմանվում են ընկերների մկկոցին:
Սա նշանակում է, որ այծերի մկկոցը փոխվում է հասարակական միջավայրի պատճառով, այլ ոչ թե գեների պատճառով, ինչպես որ նախկինում ենթադրվում էր:










































