Ստրասբուրգում կայացած ԵԽ լիագումար նիստի շրջանակում բանաձև է ընդունվել Ռուսաստանի դեմ, որում կոչ է արվում փոխել ընտրական օրենսդրությունը և հրաժարվել Սիրիային զենքի վաճառքից: Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի կայքում:
Փաստաթուղթը կոչվում է «Խորհրդարանի բանաձև Ռուսաստանում գալիք 2012 թ. մարտի 4-ի նախագահական ընտրությունների և 2011 թ. դեկտեմբերի 4-ի Պետդումայի ընտրությունների արդյունքների մասին»:
Բանաձևում Եվրախորհրդարանը քննադատում է Ռուսաստանի իշխանությունների մերժումը՝ գրանցել Գրիգորի Յավլինսկու թեկնածությունը նախագահական ընտրություններում: Փացի այդ, փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ ԵԱՀԿ-ն և ԵԽԽՎ-ն մի շարք խախտումներ են գրանցել խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց նախապատրաստման փուլում:
Պատգամավորները կոչ են արել Ռուսաստանին ներկայացնել մի շարք օրինագծեր, որոնք կհեշտացնեն կուսակցությունների և նախագահի թեկնածուների գրանցումը, որպեսզի «հնարավորինս շուտ անցկացնեն իրական ազատ, արդար ընտրություններ», ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ԶԼՄ-ների ազատությունն ապահովելու համար:
Փաստաթուղթը պատրաստվել է Եվրախորհրդարանի առանձին խմբակցությունների կողմից կազմված 6 նախագծերի հիման վրա: Դրա համաձայնեցման համար պահանջվել է ավելի քան մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերին Եվրախորհրդարանն արդեն ընդունել է բանաձև Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ: Այդ ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվեց մեկնաբանել փաստաթուղթը՝ նշելով, որ Եվրախորհրդարանը ոչ մի կապ չունի Ռուսաստանի ընտրությունների հետ, և որ այդ որոշումը «ոչինչ չի նշանակում»:










































