Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ֆրանսիայի ռազմական կցորդին չեն թույլատրել մասնակցել կառավարական միջոցառմանը: Խոսքը Չանաքքալեի ճակատամարտի (Դարդանելի օպերացիա) 97-ամյակին նախօրեին Ստամբուլում կազմակերպված օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդների տարեկան նստաշրջանի մասին է:
Ֆրանսիական կողմը, որոշելով, որ հրավիրված է այդ նիստին, տվյալ միջոցառմանն է գործուղել Անկարայում իր ռազմական կցորդին: Սակայն այնտեղ նրան ասել են, որ հրավիրված չէ, և խնդրել են լքել տարածքը: Ֆրանսիայի ռազմական կցորդը հայտարարել է, որ դա շատ ուժեղ նոտա է, և անվտանգության ուժերի ուղեկցությամբ լքել է տարածքը:
Թուրքական մամուլն ընդգծում է, որ այս ամենն արվում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականցնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի նկատմամբ Թուրքիայի սահմանած դիվանագիտական պատժամիջոցների շրջանում։








































