Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այն բնակիչները, ովքեր կվերցնեն Վրաստանի առաջարկած «չեզոք անձնագրերը» կամ «չեզոք վկայականները», կստանան Վրաստանի տարածքում անվճար բուժում ստանալու հնարավորություն:
Նշվում է, որ այդ անձնագրեր ձեռք բերել ցանկացողները բավական շատ են, սակայն ստույգ թիվ չի նշվում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Վրաստանի խորհրդարանը ուղղումներ մտցրեց օրենսդրության մեջ՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում «օրինական ճանապարհով» բնակվողներին առաջարկելով «չեզոք անձնագրեր»: Վրացական կողմը հայտարարեց, որ իր այդ նոր ռազմավարության նպատակը բաժանարար գծերի երկու կողմերում բնակվող մարդկանց համագործակցությանն ու շփմանը նպաստող բարենպաստ մթնոլորտի ձևավորումն է:
«Չեզոք անձնագիր» անվանումը ստացած փաստաթղթերի տերերը Վրաստանի քաղաքացիներ չեն համարվում, սակայն հնարավորություն ունեն բուժում ստանալ Վրաստանի տարածքում գտնվող հիվանդանոցներում, ընդունվել վրացական բուհեր, Վրաստանում ազատորեն զբաղվել բիզնեսով:








































