Իրանը տվյալ պահին իր տրամադրության տակ ունի ուրանի 9 հազար ցենտրիֆուգ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, երբ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում շահագործման է հանձնվել չորրորդ սերնդի ցենտրիֆուգի կասկադը:
«Գործում էին 6 հազար ցենտրիֆուգեր, ավելացվել է ևս 3 հազար և ներկա պահին Իրանի տրամադրության տակ է 9 հազար ցենտրիֆուգ»,- ասել է Ահմադինեժադը:
Առաջին անգամ իրանական ատոմային կայաններում կատարելագործված բնութագրիչներով ցենտրիֆուգերի կասկադի տեղադրման մեկնարկի մասին 2011 թվականի հուլիսի կեսին հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Ինչպես այն ժամանակ հայտնել էր Իրանական Հանրապետության դիվանագետը, «նոր`առավել արագ և առավել արդյունավետ ցենտրիֆուգերի տեղադրմամբ» Թեհրանը կշարունակի «խաղաղ ատոմի կիրառման գործունեությունը»: Միաժամանակ Մեհմանպարաստը ընդգծել էր, որ իրանական իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը նախապես տեղեկացրել էին նոր կասկադների տեղադրման մասին, որի մասնագետներն «իրականցնում են վերահսկողություն տվյալ գործողությունների նկատմամբ»:
Ինչպես գրում է АПА-ն, «Միջազգային միջնորդների «վեցնյակը», որի կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, 2003 թվականից ԱԷՄԳ-ի հետ համատեղ Իրանի հարցում ձգտում են հասնել ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը: Բանակցություններն ընդհատվել էին 2009 թվականին, երբ ԱԷՄԳ-ի խորհուրդը քննադատեց Իրանին ուրանի հարստացման երկրորդ գործարանի կառուցման համար և կոչ արեց Թեհրանին հաստատել, որ «գործակալության կողմից չհայտարարված այլ միջուկային օբյեկտների կառուցման որոշումներ չեն ընդունվել»:









































