ԱԺ-ում այսօր մեկնարկած՝ համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումներում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ ելույթներում արծարծվող՝ հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ նկատելով, որ մեր երկրում վստահության հանրաքվե անցկացվեց, և հույս չի ներշնչում դրա արդյունավետությունը:
«Խոսել այն մասին, թե կտրված կլինի պատգամավորի հետ կապը, անհիմն են, որովհետև ցանկության դեպքում կարող են գնալ մարզեր, ծանոթանալ խնդիրներին, գալ ներկայացնել կառավարությանը կամ օրենդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Մենք լինում ենք մարզերում, շատ պատգամավորներ կապ չեն ունենում այդ մարզի հետ առհասարակ»,- նկատեց Զ. Փոստանջյանը՝ հավելով, որ թե՛ ԵԽԽՎ, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հենց այնպես չեն կոչ արել անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի:
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը իր ելույթում կարևորեց լսումները, սակայն նշեց. «Ցավում եմ, որ այս ամբիոնից այսօր ամենաճռճռան բառերով խոսեցին, բայց հեռացան մարդիկ: Ես այն պատգամավորներից եմ, որն իր վրա զգացել է, թե ինչ է մեծամասնականով կամ համամասնականով ընտրվածը, և համաձայն չեմ, որ մեծամասնականի հետ ժողովրդի կապը կտրված է: Բոլոր մարզերը պետք է ունենան իրենց պատգամավորը»,- նկատեց նա` կոչ անելով ազատ ընտրություններ ապահովել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը իր ելույթում նշեց. «Մեկ հարցի պետք պատասխանենք` ո՞րն է անհրաժեշտ Հայաստանի դեպքում: Ի սկզբանե ԲՀԿ-ն իր ծրագրում ներառեց համամասնական ընտրակարգի անցնելը, քանի որ մեծմասնականով խորհրդարան են գալիս մարդիկ, ովքեր ներկայացուցչական դաշտում արդյունավետ ներկայություն չեն կարողանում ունենալ: Այո, քննարկենք, ի՞նչ է եղել, և եթե գտնենք, որ Հայաստանի համար ավելի արդյունավետ կլինի համամասնականը` անցնենք համամասնականի»:
ՀՅԴ խմբկացության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Ակնհայտ է մի բան. մեծամասնական ընտրակարգը չարիք է մեր երկրի համար, ոչ միայն որ ընտրակեղծիքները ավելի մեծ են այս դաշտում, այլև այն պատճառով, որ մեծամասնականով ընտրված պատգամավորների միայն յոթ տոկոսն է որոշակի ներկայություն ցուցաբերում, իսկ մեծամասնությունը` ծպտուն չեն հանում կամ մեկ-երկու ծպտուն են հանում ԱԺ-ի գործունեության ընթացքում: Ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է մարզերում ներկայություն ունենա. ահա ձեզ ներկայացուցչականություն»:








































