Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի որդին՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վաշինգտոնյան ներկայացուցիչ Քուբադ Թալաբանին, թուրքական Haber Türk թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է թուրք-իրաքյան հարաբերությունների խնդրին և մասնավորապես Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK).
«Ասում են, որ եթե ոչնչացվեն Ղանդիլում (Հյուսիսային Իրաք) բազավորված 3000 PKK-ականները, ապա հարցը կլուծվի: Սակայն դա այդպես չէ. չէ՞ որ Թուրքիայի տարածքում գտնվում է 1 միլիոն PKK-ական: Ռազմական ճանապարհով չի կարելի հասնել հաջողության: Անգամ Սադամ Հուսեյնին չհաջողվեց ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել Ղանդիլում բազավորվածներին: PKK-ն Թուրքիայի ներքին խնդիրն է»:
Հիշեցնենք, որ թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին (հիմնադիր Աբդուլլահ Օջալան), Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի տվյալներով՝ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիային արժեցել է 1 տրիլիոն դոլար։








































