Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պատգամավոր, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծով խորհրդարանական կոմիտեի անդամ Քերիմ Աբեդին հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ դիմել են Իրանի խորհրդարանին՝ խնդրելով հրաժարվել ԵՄ-ին, որը պատժամիջոցներ է սահմանել նրա նավթային հատվածի նկատմամբ, նավթի մատակարարումը դադարեցնելու գաղափարից:
Նա հավելել է, որ այդպիսի խնդրանքով իրենց դիմել են նաև ԵՄ-ի անդամ մի շարք երկրներ, այդ թվում՝ նաև Ֆրանսիան, որոնք բոլորն էլ ընդգծել են, որ իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելը բացառապես քաղաքական որոշում է, և Իրանի կառավարությունը չպետք է լրջորեն ընդունի դա:
Աբեդին հայտարարել է, որ Իրանի խորհրդարանի կողմից հաստատվելու մեծ հավանականություն ունի ԵՄ-ին իրանական նավթի արտահանման վրա արգելք դնելու մասին օրինագիծը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ը իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է սահմանել հունվարի 23-ին. արգելքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Մինչ այդ եվրոպական երկրները, որտեղ ներկայումս ուժեղ ցրտեր են, պետք է գտնեն նավթի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ:







































