«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը չի նպաստում մեր երկրի զարգացմանը, այլ նպաստում է մարդկանց սոցիալական վիճակի վատացմանը և միգրացիային: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը, գյուղատնտեսական տարածքներից զրկվելու դեպքում մարդկանց այլևս ոչ մի հատուցում չի կարող օգնել վերականգնվել, և այն մարդիկ, որոնք կորցնում են իրենց հողը, դառնում են ուրբանիզացված անձնավորություն, որ ինչքան էլ գումար տան, նրանք այլևս հող չեն գնում, իսկ գումարը ծախսում են այլ կարիքների համար և գյուղական ընտանիքները մասնատվում են՝ ծերերը մնում են, երիտասարդները մեկնում են արտերկիր:
«Այսօր քանդում ենք գյուղական համայնքները, փողը տալիս ենք գյուղացիների ձեռքը, որ լքեն երկիրը: Ասիական զարգացման բանկը կարող էր այլ ոլորտներում անել ներդրումներ և վնաս չպատճառել բնակչությանը, առավել ևս գյուղացիական բնակչությանը»,- ասաց Ս. Ադամյանը:
Նրա խոսքով՝ ԱԶԲ և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով ճանապարհը պետք է վերանորոգվեր, բայց տարբեր տրանշներ ուսումնասիրելիս պարզվել է, որ բացի վերանորոգումից, որոշակի հատվածներում նաև նոր ճանապարհների կառուցում է նախատեսվում: Գյումրի-Թալին տարածքում հնէաբանական նմուշներ կան, որոնք տեղափոխելն անհնար է, և պետք է ճանապարհի ուղղությունը փոխել: «Մենք դեմ ենք, որ ՀՀ-ն այսպիսի գումարներ ծախսի այդ նոր ճանապարհի վրա, կարելի էր հին ճանապարհը շատ լավ վերանորոգել, որովհետև մեր երկիրը չի գտնվում Եվրոպայում կամ այլ կենտրոնական մի տեղ, որտեղ շատ լուրջ բեռնափոխադրումներ պետք է կատարվեն, մենք էլ այնպիսի արդյունաբերություն չունենք, որ ներդրումներ անենք, որ ճանապարհ կառուցենք ու բեռ ընդունենք: Ինչո՞ւ էր պետք մեր ժողովրդի վզին կապել այդպիսի տոկոսներ»,- ասաց Ս. Ադամյանը՝ հավելելով, որ նախագիծն անընդհատ փոփոխվում է, և ճանապարհի մոտ 50% նոր է կառուցվելու:








































