Անդրադառնալով ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությանը, որում նա տեղեկացրել է, թե ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել, «ՀԺ»-ն գրում է.
«Սա անակնկալ չէ և տեղավորվում է նախկինում իրենց հաղորդած տեղեկությունների շրջանակում:
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ԲՀԿ-ն կքննարկի Օսկանյանի դիմումը և, անկասկած, նրան կընդունի կուսակցության շարքերը: Մեծ հավանականությամբ Օսկանյանը կդառնա այդ կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը: Հիմնական հարցը, սակայն, որ հետաքրքրում է քաղաքական դիտորդներին` հետևյալն է. որքանով է Օսկանյանը տվյալ քաղաքական քայլի մեջ ինքնուրույն և որքանով է ուղղորդվում Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Այս հարցի պատասխանը շատերին միանշանակ է թվում, և տարածված կարծիք կա, թե սա Քոչարյան-Ծառուկյան պայմանավորվածությունների արդյունք է:
Այնուամենայնիվ, որոշ դիտորդներ անհավանական չեն համարում, որ այստեղ կարող է ԲՀԿ-ի և Օսկանյանի միջև սեպարատ փոխշահավետ համագործակցություն լինել. ԲՀԿ-ն Օսկանյանին պատգամավոր դառնալու հնարավորություն է տալիս, իսկ Օսկանյանը ԲՀԿ-ին օգնում է Արևմտյան ինտեգրացիայի հարցում»:









































