Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հերքել է Սիրիայում 49 թուրք հետախույզ սպաների ձերբակալության մասին լուրը:
Ըստ Դավութօղլուի՝ դա Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի կողմից մղվող «հոգեբանական պատերազմի» արդյունք է. «Այդ տեղեկատվությունն անհիմն է: Եթե դա իսկապես տեղի ունեցած լիներ, մենք հայտարարություն կտարածեինք այդ մասին: Ովքե՞ր են Թուրքիայից Սիրիա գնացած այդ 49 անձինք: Այդպիսի բան չկա»:
Հիշեցնենք, որ Սիրիայում 49 թուրք հետախույզների ձերբակալության մասին լուրը շրջանառության մեջ դրվեց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի սիրիական այցից հետո: