Կանաչ տարածքների պահպանության հարցը քաղաքաշինության նախարարության առաջնային խնդիրներից է: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
«Երևանի քաղաքապետի հետ բանակցություններ ենք տանում Եռաբլուրի հարևանությամբ մեծ զբոսայգի հիմնելու ուղղությամբ: Ընդ որում՝ մեր ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել քաղաքապետի կողմից»,- տեղեկացրեց նա:
Նախարարը հավաստիացրեց, որ կանաչապատ տարածքներում ապօրինի շինարարության դեպքերը մշտապես կանխվում են: «Օրինակ՝ Սևան քաղաքում մեր մերժումից հետո փորձել են կանաչ տարածքներում շինարարություն իրականացնել, սակայն նախարարության հետևողականության արդյունքում դեպքը կասեցվել է»,- ասաց նա:
Ամփոփելով` Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ պետություն-մասնավոր համագործակցությամբ շինարարական նոր նախագծեր կիրականացվեն Սյունիքի մարզում, Դիլիջանում: «Կառուցվելու են բազմաբնակարան շենքեր, հանգստի օբյեկտներ, հյուրանոցներ»,- ասաց նա: