Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային կրակոցից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Վաղարշապատի բնակիչ 26-ամյա Արտակ Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է aravot.am կայքը։
Վաղարշապատում ֆոտոլրագրողին պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենց փողոցի 30 տան մոտ գտնվող ավտոպահեստամասերի խանութի և վարսավիրանոցի հարևանությամբ։ Մահացածի հայրը Վաղարշապատում զբաղվում է ավտոպահեստամասերի առևտրով։
Այս պահին Արմավիրի մարզում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում և ձեռնարկում են օպերատիվ–քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև՝ պարզելու դեպքի հանգամանքները։












































