Երեկ և այսօր գրեթե ողջ լրագրողական դաշտը հանդես եկավ ի պաշտպանություն «Հայական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, երեկ կալանավորված Հայկ Գևորգյանի:
Չկողմոնորոշվողներին հատկապես օգնեց ՀՀ Ոստիկանության երեկ տարածած անհեթեթ և հակասություններով լի հաղորդագրությունը: Թվում էր, թե ոստիկանությունն այս ամենից բանական հետևություն կանի: Սակայն, կրկին եղավ այնպես ինչպես միշտ. ոստիկանությունը փորձում է արդարացնել իր անհեթեթ և անհիմն գործողությունները: Ի դեպ, ոստիկանությունը հասցրել է անգամ շրջանառության մեջ դնելով ոստիկանական շոուի վիդեո տարբերակը:
Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես.
Երեկ առավոտյան ողջ լրատվական դաշտը ողողվեց տեղեկությունով, թե կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: Տնից դուրս գալուն պես, քաղաքացիական հագուստով անձինք, ոլորելով Գևորգյանի ձեռքերը, նրան տարել են անհայտ ուղղությամբ… Այնուհետև հայտնի դարձավ, որ դեռևս հունվարի 23-ից Գևորգյանը գտնվել է հետախուզման մեջ՝ ինչ-որ քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով: Նշենք, որ նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասով՝ «ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» և 244 հոդվածի՝ «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը» հատկանիշներով նախատեսված արարքների կատարման մեջ: Տեղեկացնենք նաև, որ որոշ ժամանակ ոստիկանության Կենտրոնի բաժնում պահելուց հետո լրագրողին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պահման մեկուսարան:
Ոստիկանության գործողությունների մեջ զարմանալին և ինչ-որ տեղ նաև զավեշտալին այն է, որ «հետախուզության» մեջ գտնվող անձը փաստացիորեն մեկ շաբաթ հաճախել է աշխատանքի, ավելին՝ իր ստորագրությունով հոդվածներ ու մի ամբողջ թերթ է հրապարակել, էլ չենք ասում այն մասին, որ ոստիկանության Կենտրոնի բաժինը գտնվում է հենց «ՀԺ»-ի խմբագրության հարևանությամբ: Նման հանգամանքների առկայության դեպքում որևէ միտում այս ամենում չտեսնելն անհնարին է: Եվ հենց այդ ամենի մասին երեկ երեկոյան «ՀԺ» խմբագրությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Վովա Գասպարյանը մասկի շոուի նման բան է սարքել. այս ձերբակալության հրահանգը տալիս` ինչ-որ մեկը անկհայտ դեղի ազդեցության տակ է եղել»,- այսպես որակեց Փաշինյանը Հայկ Գևորգյանի ձերբակալման հանգամանքը` հավելելով, որ Հայկի կալանավորման որոշումը Վովա Գասպարյանը կայացրել է «իր շեֆի»` Սերժ Սարգսյանի իմացությամբ. «Ինչ-որ մեկը ակնհայտ դեղի տակ է, տեսնենք, թե երբ այդ դեղերի ազդեցությունը կանցնի»:
Փաշինյանը, ընթերցելով ՀԺ խմբագրական կազմի հայտարարություն-պահանջը, տեղեկացրեց, որ Գևորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանը խոսել է քննիչի հետ, և նրան ասել են, որ հնարավորություն կլինի ներգրավվել գործում, իսկ ահա հարազատներին մինչ այդ որևէ տեղեկություն չեն տվել ոստիկանությունից: Փաշինյանը նշեց, որ ինքն ակնկալում է լրագրողների զորակցությունը այս հարցում, քանզի գիտի, որ լրագրողները շատ լավ ճանաչում են Հայկ Գևորգյանին և գիտեն, թե նա ինչ արժեքային համակարգ ունեցող մարդ է: Փաշինյանը շեշտեց, որ իրենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են Հայկի ազատության համար. «Վովա Գասպարյանը մի քիչ լավ չի ճանաչում Հայկ Գևորգյանին, նա լրագրողական համքարության մեջ ամենասիրված մարդկանցից է, և Հայկին ձերբակալելը ոչ միայն քայլ է ՀԺ-ի դեմ, այլ նաև Հայաստանում` ազատ խոսքի դեմ»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իրենք սեփական հետաքննություն են արել և վստահ են, որ Գևորգյանի նկատմամբ կանխամտածված «գործ է սարքվել» նրա վերջին շրջանի հրապարակումների պատճառով, որոնք վերաբերել են ոստիկանապետ Վովա Գասպարյանին, իսկ իբրև թե «տուժողը» ամենևին էլ չի տուժել:
Մասնավորապես նա տեղեկացրեց, որ իրենց տեղեկություններով` «տուժողը», որին իբր Հայկ Գևորգյանը վրաերթի է ենթարկել, հայտարարություն է տվել, որ իր ոտքի վրա կա մի կետ, որին եթե մատով էլ դիպչեն` ինքը վատանում է: Իբր Հայկ Գևորգյանը կպել է նրա ոտքի այդ կետին, «ինչպես մատով կկպներ» և ինքը վատացել և նստել է մայթին ու գլուխը խփել է գետնին:
Փաշինյանի ասուլիսից ընդամենը մեկ ժամ անց ոստիկանությունը որոշեց հանդես գալ պարզաբանումներով, իբրև թե լրատվամիջոցները շահարկում են Հայկ Գևորգյանի կալանավորման փաստը, այն դեպքում, երբ ոստիկանությունը «հստակ և իրավաչափ կատարել է իր խնդիրը»:
Պարզաբանումները տվեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Ըստ նրա՝ 2012 թվականի հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում Երևանի Մհեր Մկրտչյան փողոցում Հայկ Գևորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին և հեռացել դեպքից վայրից: Այվազյանի խոսքերով, արդեն իսկ իրականացվել է դատաբժկական փորձաքննություն, որը պարզել է, որ Ֆրանգուլյանը ստացել է ձախ ծնկոսկրի շրջանի կոտրվածք, որը գնահատվել է միջին ծանրության վնասվածք:
Քննիչի խոսքերով, քրեական գործ է հարուցվել Գևորգյանի նկատմամբ, վերջինս հրավիրվել է հարցաքննության, բայց չի ներկայացել, ինչն էլ պատճառ է հանդիսացել հունվարի 23-ին նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու, և նույն օրը նախաքննական մարմինը դիմել է դատարան, ու վերջինիս որոշմամբ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Արսեն Այվազյանն ասաց, որ Հայկ Գևորգյանը եռօրյա ժամկետում կարող է դիմել դատարան` վիճարկելու իր խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ որոշումը: «Մինչև փետրվարի 6-ը ներառյալ Գևորգյանը կարող է վիճարկել կալանավորման մասին որոշումը, և կմնա նա կալանավորված, թե ոչ՝ կորոշի դատարանը»,- հայտարարեց քննիչը:
Ահա այսքանն էր ոստիկանության պարզաբանումը, իսկ լրագրողների հարցերին թե՛ Այվազյանը, թե՛ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չպատասխանեցին:
Ինչևէ, արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները գործի են դրել լրատվամիջոցներին զսպելու իրենց մեխանիզմը, իրենց մաշված չարխը: Ինչպես և սպասելի էր, որպես մահակ` առաջինը փորձեցին օգտագործել ոստիկանությանը: Հուսանք` կսթափվեն: Ի վերջո, կան մարդիկ, ովքեր համոզված են, որ քրեական նկարագիր չունեցող լրագրողները որևէ խնդիր չունեն, և լրատվական դաշտին պատերազմ հայտարարելը ցանկացած իշխանության տանում է դեպի կործանում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի







































