Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայում գործող Via Dolorosa քրիստոնեական միությունը համայն աշխարհի քրիստոնյաներին կոչ է արել բոյկոտել թուրքական «Ֆաթիհ 1453» ֆիլմը, որը նվիրված է 1453 թվականին օսմանյան թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավմանը:
Via Dolorosa-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ թուրքերը պետք է ամաչեն քրիստոնեության բնօրրանի ավերման և Կոստանդնուպոլիսը Ստամբուլ վերանվանելու համար. «Փոխարենը թուրքերը դա տոնում են որպես ազգային հպարտության օր: Դրանով իսկ Թուրքիան հերթական անգամ ցուցաբերում է իր անհարգալից վերաբերմունքը քրիստոնեական բոլոր արժեքների նկատմամբ:
Բոլոր քրիստոնյաները՝ կաթոլիկները, լյութերականները կամ ուղղափառները, պետք է բոյկոտեն այդ ֆիլմը: Այն վիրավորում է մեր զգացումներն ու արժեքները: Թուրք սուլթանը, զավթելով Սուրբ Սոֆիայի տաճարը, այն վերածեց մզկիթի, և իր զինվորներին թույլատրեց թալանել Կոստանդնուպոլիսը:
Մինչդեռ ֆիլմում այդ ամենը ներկայացվում է որպես հերոսություն: Քրիստոնյաները չպետք է նայեն այդպիսի ֆիլմեր, քանի որ դա վիրավորում է նրանց զգացմունքները»:
Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են 3 տարի: Ֆիլմի բյուջեն կազմել է 17 միլիոն դոլար, որից 12 միլիոն դոլարը ծախսվել է պատերազմական տեսարանների նկարահանման վրա: Այն համարվում է թուրքական կինոյի ամենաթանկարժեք ֆիլմը:
Ի դեպ, Կոստանդնուպոլսի պաշարումը տևել է ապրիլի 5-ից մինչև մայիսի 29-ը, երբ քաղաքն ընկավ թուրքական 160,000-անոց բանակի գրոհների ներքո: Մայիսի 30-ի առավոտյան թուրք սուլթան Մեհմեդ 2-րդ Ֆաթիհը (Նվաճող) հանդիսավոր մտավ քաղաք և հրամայեց Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի:









































