ՀՀԿ գործադիր մարմինը դեռևս չի քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելո՞ւ է Արաբկիրի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանին, թե՞ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Երիցյանը լրագրողների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է մեծամասնական ընտրակարգով պատգամնավորության թեկնածու առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում: Ավելին՝ նա իր զրույցներում պնդում է, որ իր հայրենի կուսակցությունը` ՀՀԿ-ն, որի անդամ է նաև ինքը, սատարելու է իրեն: «Նման հարց դեռ չենք քննարկել, դեռ չեմ կարող ասել, թե ինչ ժամկետներում կքննարկենք»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, 2009 թվականի մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու պատվեր տալու մեղադրանքով երկուսուկես տարուց ավելի գտնվում է հետախուզման մեջ: Հենց այս պատմության արդյունքում էլ Ալբերտ Երիցյանը զրկվեց Արաբկիրի թաղապետի իր պաշտոնից: