Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի խումբ շվեդ պատգամավորներ պաշտոնապես դիմել են Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտեին՝ 2012 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակը թուրք իրավապաշտպան և «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուին հանձնելու համար:
Դիմումի մեջ նշված է, որ Զարաքօլուն մի շարք գրքեր է հրատարակել Քրդական հարցի, բանակի քաղաքական դերի, իսլամի ու Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար էլ ենթարկվել է հալածանքների ու հարձակումների:
Չնայած այդ ամենին՝ Զարաքօլուն շարունակել է պայքարել խոսքի ազատության ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: Արդյունքում, Զարաքօղլուն «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» մեղադրանքով ձերբակալվել է նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին, իսկ նոյեմբերի 1-ին՝ հայտնվել Իզմիթի բանտում:
Հիշեցնենք, որ բանտում հայտնվելուց օրեր անց Զարաքօլուն իր փաստաբանի միջոցով խնդրագիր էր ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ), որում նշել էր, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և ԹԱՄԺ-ի կողմից դրա ընդունումը կլինի արժանապատիվ քայլ.
«Թուրքիան պետք է ներողություն խնդրի մարդկության դեմ գործած այդ ծանր հանցանքի համար։ Ներողություն պետք չէ խնդրել այլ երկրների խորհրդարաններում, դրա տեղը պետք է լինի ԹԱՄԺ-ն։ Այն չի նվաստացնի մեզ, ընդհակառակը՝ ավելի արժանապատիվ կդարձնի մեզ»։









































