Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Ինչպես երևում է, դատավոր Պողոսյանը ոչ թե նախորդ դատական նիստի օրը վատ տրամադրություն ուներ, այլ այս գործով բոլոր նիստերի օրերին է դա ապահովված:
Նիստի սկզբին Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը դատարանին միջնորդեց քննարկել Տիգրան Առաքելյանի` դատաքննությանը մասնակցությունը վերականգնելու հարցը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստում Տիգրան Առաքելյանին դահլիճից հեռացնելու մասին դատավորի որոշումը վերաբերում էր տվյալ դատական նիստին և դրանում կոնկրետ նշված էր` «մինչև դատական նիստի ավարտ»: Միջնորդությանը միացավ նաև պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Սակայն մեղադրող դատախազը դեմ արտահայտվեց:
Ի վերջո, դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց մերժել Տիգրան Առաքելյանի պաշտպանի միջնորդությունը և առանց նրա նիստը շարունակել: Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը լարվածության մթնոլորտ է ստեղծել և խախտում էր իր պաշտպանյալի իրավունքները: Գագիկ Պողոսյանը հակադարձեց, որ անձամբ իր կողմից լարվածություն չի ստեղծվում, իսկ իր որոշումը չի խախտում Տիգրան Առաքելյանի իրավունքները:
Վահե Գրիգորյանը միջնորդեց դատական նիստը երկու աշխատանքային օրով հետաձգել, որպեսզի ինքը կարողանա իր պաշտպանյալի հետ խորհրդակցել` դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Դատավորն առաջարկեց, որպեսզի Գրիգորյանը հենց դատարանի շենքում խորհրդակցի իր պաշտպանյալի հետ, ինչին փաստաբանը չհամաձայնեց:
Այս դեպքում էլ որոշիչ եղավ մեղադրողի դիրքորոշումը: Նա հայտարարեց, թե իր համար անհասկանալի է, թե Տիգրան Առաքելյանի պաշտպանին ինչքան ժամանակ է հարկավոր խորհրդակցելու համար: Ըստ մեղադրողի նշված 2 օրը ողջամիտ չէ և առաջարկեց նսիտը հետաձգել կես ժամ: Ի վերջո, դատավորը նիստը հետաձգեց 15 րոպեով:
Ընդմիջումից հետո Վահե Գրիգորյանը պնդեց դատական նիստը երկու աշխատանքային օրով հետաձգելու միջնորդությունը, որպեսզի ինքը ինքնաբացարկի միջորդություն պատրաստի և ներկայացնի: Նա նաև խնդրեց իրեն տրամադրել դատական նիստի ձայնագրությունը: Գագիկ Պողոսյանն այս անգամ որոշեց դատական նիստը հետաձգել մինչև փետրվարի 7-ը, ժամը 15.30-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Բոլորը ձերբակալվել էին: Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը և Վահագն Գևորգյանը հետագայում ազատ էին արձակվել` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Իսկ Տիգրան Առաքելյանը մինչ օրս պահվում է կալանքի տակ:









































