Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց պետական աջակցության ծրագրով երկրի հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրելու համար ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 163 մլն դրամ։
Նախատեսված է պարարտանյութն ըստ մարզերի բաշխել՝ հաշվի առնելով վերջին երեք տարում կատարված ցանքի և մշակվող բազմամյա տնկարկների տարածության միջին ցուցանիշը։ Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ ներկայիս 8 հազար դրամի փոխարեն մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կվաճառվի 6 հազար դրամով։
Նիստում հաստատվեց նաև հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռք բերման պետական ծրագիրը, որի իրականացման համար 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ։ Այդ գումարը որպես սուբսիդիա պայմանագրային հիմունքով տրամադրվելու է «Ֆլեշ» ՍՊԸ-ին` ծրագիրն իրականացնելու, 12 հազար 600 տոննա դիզելային վառելանյութ մատակարարելու համար։ Մինչև 2012 թ. մարտի 20-ը վառելիքը ՀՀ մարզերի հողօգտագործողներին կվաճառվի մեկ լիտրը 350 դրամով, որը 90 դրամով պակաս է շուկայական գնից։
«Սա կնպաստի, որպեսզի այս տարվա գարնանացանի ընթացքում էապես ընդլայնվեն մշակվող հողատարածքները: Դրա համար մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն և պարարտանյութը, այլև դիզվառելիքը, որը կարևորագույն կոմպոնենտ է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի մեջ: Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել՝ ելնելով հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:









































