Եգիպտոսում ֆուտբոլի երկրպագուները հանդես են եկել երկրի Բարձրագույն զինվորական խորհդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտաուիի հասցեին սպառնալիքներով: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ուժայինները մեղադրվում են Պորտ Սայիդ քաղաքում ֆուտբոլային հանդիպման ժամանակ դիտավորյալ սադրանքներ հրահրելու մեջ:
«Այսօր մարշալը և վարչակարգի կողմնակիցները հասկացրին, որ մեզ մնում է կամ պայքարել ազատության համար, կամ մեզ կպատժեն ու մահապատժի կենթարկեն՝ բռնակալության դեմ հեղափոխությանը մասնակցելու համար»,- Facebook սոցցանցում այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել Ultras Tahrir Square (UTS) ֆուտբոլային շարժման անդամները:
Reuters-ի տեղեկություններով՝ Եգիպտոսում շատերը ենթադրում են, որ «Ալ Մասրի» և մայրաքաղաքի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո զանգվածային ծեծկռտուքը դիտավորյալ կերպով է հրահրվել՝ վարկաբեկելու համար Կահիրեի թիմի երկրպագուներին, որոնք մեծ հեղինակություն են վայելում հեղափոխակաների շրջանում:
Հուսեյն Տանտաուին իր հերթին հայտարարել է, որ Եգիպտոսի զինված ուժերը չեն խոչընդոտի իշխանության խաղաղ փոխանցմանը քաղաքացիական կառույցներին: Իր ելույթում մարշալը խոստացել է պարզել կատարվածի հանգամանքները և պատժել մեղավորներին: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ի պատասխան Տանտաուիի այս հայտարարութան՝ «Ալ Ահլի» ակումբի երկրպագուները Facebook սոցցացնի իրենց էջում գրել են, որ սուգ պետք է հայտարարել բոլոր նրանց համար, «ովքեր կորցրել են բարոյականությունը, վաճառել հոգիները և դադարել մտածել երկրի մասին»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքում «Ալ-Ահլի» և «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով զոհվել է 74, վիրավորվել մինչև 300 մարդ:
Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ Սայիդում ձերբակալել է 47 մարդ, որոնք կասկածվում են անկարգություններ հրահրելու մեջ:










































