Ամերիկացի գանձեր որոնող Գրեգ Բրուքսը հայտարարել է, որ Ատլանտյան օվկիանոսի հատակին գտել է պլատինով բեռնված նավ, որի ընդհանուր արժեքը 3 մլրդ. դոլար է: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Sub Sea Researc ընկերության ղեկավար Բրուքսի տվյալներով՝ ինքը հայտնաբերել է բրիտանական առևտրական «Պորտ-Նիկոլսոն» (SS Port Nicholson) նավը, որը 1942թ. տորպեդահարվել է գերմանական սուզանավի կողմից: Նավը հայտնաբերվել է Ատլանտյան օվկիանոսում՝ ԱՄՆ ափերից 80 կմ հեռավորության վրա:
Բրուքսը հավատացնում է, որ «Պորտ-Նիկոլսոն»-ում եղել է պլատինի հսկայական բեռ, որը, նրա խոսքերով, ԽՍՀՄ-ն ուղարկում էր ԱՄՆ՝ որպես վճար ռազմական մատակարարումների համար:
Ամերիկացին պնդում է, որ նավը հայտնաբերել է 4 տարի առաջ, սակայն դա գաղտնի էր պահում, մինչև ձևակերպել է այն բարձրացնելու փաստաթղթերը: Նավը բարձրացնելու գործողությունը Բրուքսը նախատեսում է սկսել փետրվարի վերջին:
Միաժամանակ այն հարցը, թե ում է պատկանելու խորտակված նավը, դեռ պարզ չէ: Ավելին, շատ մասնագետներ կասկածում են, որ նավի վրա կարող է պլատին լինել: Մասնավորապես Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ, ըստ իրենց տվյալների, «Պորտ Նիկոլսոնը» տեխնիկա և զինվորական գույք էր տեղափոխում:








































