Թայվանի գովազդի մասնագետներն օգտագործել են հանգուցյալ Սթիվ Ջոբսի կերպարը Android օպերացիոն համակարգով աշխատող Action Pad պլանշետի գովազդի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, գովազդում Սթիվ Ջոբսի դերում հանդես է գալիս թայվանցի կատակերգու Ա-Քենը: Դրանում նա հագնված է Սթիվ Ջոբսի նման՝ սև բլուզով և բաց գույնի ջինսերով, հրեշտակի թևերով: Ընդ որում, ոչ Ջոբսի, ոչ Apple-ի անունը հոլովակում չի հիշատակվում:
Ջոբսին մարմնավորող դերասանը ներկայացնում է Apple-ի հիմնադրին նոր պլանշետի շնորհանդես անելիս: Նա գրպանից հանում է Android-ով աշխատող Action Pad-ը, ցույց է տալիս նրա ֆունկցիաները և վերջում ավելացնում. «Վերջապես ես կարող եմ խաղալ այլ պլանշետով»: Գովազդային հոլովակը հեռարձակվել է անգլերեն տողատակերով:
Ինչպես հաղորդում է Droid Matters պորտալը, հոլովակը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել YouTube-ում: Մի շարք օգտատերեր դա անճաշակ են համարում, իսկ ոմանք անգամ պահանջում են բոյկոտել ընկերությունը: Վերջինիս ներկայացուցիչ Չելսի Չենը հայտարարել է, որ քանի որ Ջոբսը միշտ մարդկանց օգտակար իրեր էր ներկայացնում, նրա կերպարը կարելի է օգտագոործել գովազդի համար: Նա նաև նշել է, որ ընկերությունը չի փորձել սեփական նպատակներով օգտագործել Ջոբսի մահը կամ ծաղրել նրան:
Չելսի Չինը հայտարարել է, որ իրենք առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն ստացել Apple ընկերությունից:
Android պլատֆորմով աշխատող սարքերը Apple-ի գլխավոր մրցակիցներն են: Ինքը՝ Ջոբսը, ինչպես երևում է նրա կենսագրականից, չափազանց բացասաբար էր վերաբերվում Google-ի կողմից մշակված օպերացիոն համակարգին:








































