«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, հունվարի 31-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, տեղի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել ՁԻԱՀ-ով հիվանդ Գագիկ Վ.-ն և Նարեկ Գ.-ն: Պատճառն այն է եղել, որ նրանք պահանջել են օրենքի համաձայն իրենց տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» և համապատասխան բուժում իրականացնել, և ոչ թե «Գորիս» ՔԿՀ-ի խոնավ խցեր, որտեղ չկան համապատասխան պայմաններ: Գագիկ Վ.-ն խնդրել է նաև իր վրայից հանել հեռախոս օգտագործելու համար գրված տույժերը, քանի որ դրա մեջ ՔԿՀ-ի մեղքն էլ կա:
Տույժերն էլ գրվում են այն ժամանակ, երբ Գագիկը բուժօգնության կամ «ԴՀ» տեղափոխվելու մասին է բարձրաձայնում: Գագիկի մայրը մեզ հետ զրույցում հաստատեց որդուն ծեծելու լուրը և նշեց, որ երբ զանգահարել է ՔԿՀ-ի ղեկավարությանը` հարցնելու, թե ինչու են որդուն ծեծել, ղեկավարությունից մեկը նրան սաստել է ու ասել, որ լավ են արել: Ի դեպ, աշխատանքային օրվա ավարտի հետ կապված` չհաջողվեց պարզաբանումներ ստանալ նաև ԱՆ ՔԿ վարչությունից:
Գագիկի մայրը միաժամանակ նշեց, որ որդին ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում` վիրահատության ժամանակ է ՁԻԱՀ-ով վարակվել, իսկ վերջերս էլ ՔԿՀ-ներից մեկում նրան կրկին վիրահատել են` «գրիժան» են հեռացրել և կուլ տված ջերմաչափը:









































