Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը բորսայում բաժնետոմսերի առաջնային տեղադրման (IPO) դիմում է ներկայացրել: Ծառայությունը ակնկալում է ներգրավել առնվազն 5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթում ասվում է, որ Facebook-ի ամենաշատ բաժնետոմսերը պատկանում են ծառայության հիմադիրներ Մարկ Ցուկերբերգին (28,2%) և Դասթին Մոսկովիցին (7,6%), Accel ներդրումային հիմնադրամին (11,4%), ինչպես նաև Ալիշեր Ուսմանովի և Յուրի Միլների DST ներդրումային հիմնադրամին (5,5%):
Դիմումի մեջ նշվում է, որ ամեն ամիս Facebook սոցցանցից օգտվում է ավելի քան 845 միլիոն օգտատեր, իսկ Facebook-ի գրառումները ամեն օր ունենում են 2,7 միլիարդ «հավանել» և մեկնաբանություն:
Ինչպես նշում է Wall Street Journal-ը, Facebook-ը ցուցադրում է աճի բարձր տեմպ, սակայն փորձագետները սպասում էին ավելի բարձր ցուցանիշներ: Անկախ գնահատականներով՝ Facebook-ի եկամուտը 2011 թվականին կազմել է 4,27 միլիարդ: