ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա եղբայրը` Ջոնիկը, կարծես թե զիջում են դիրքերը հարազատ Արարատի մարզում: Այստեղ ծավալված մի քրեական գործի` Արարատի մարզի գազի վարչության նախկին պետ և հետախուզման մեջ գտնվող Հովիկ Ղազարյանի՝ Գազի Հովոյի ընտանիքի հետ ունեցած «ռազբորկաների» հետևանքները ամենևին էլ Աբրահամյանների օգտին չեն:
Փետրվարի 1-ին պետք է այս գործը դատական շարունակություն ունենար, սակայն դատը չկայացավ. մեղադրյալ Արտուշ Վաչիկի Սողոմոնյանը ինքնասպան էր եղել: Վերջինս մեղադրվում էր սուտ մատնության մեջ. ըստ մեղադրական եզրակացության` Ա. Սողոմոնյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2011թ. օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին էր ուղարկել անանուն, անստորագիր նամակ և նշել, թե իբր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանը (Գազի Հովո) Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ է կազմակերպել: Իսկ երբ պարզվել էր, որ նամակում նշվածը չի համապատասխանում իրականությանը, մեղադրանք էր առաջադրվել Ա. Սողոմոնյանին: Փետրվարի 1-ին, փաստորեն, պետք է կայանար սույն գործով առաջին դատական նիստը, սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հիվանդության պատճառով չէր եկել դատարան, գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ եկել էր` գործը կարճելու միջնորդությամբ, քանի որ ամբաստանյալը մահացել էր: Aravot.am-ն էլ, հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ Ա. Սողոմոնյանը ինքնասպան է եղել: Այս լուրը «Ժամանակ» o/թ-ի և «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետո կապի ծառայությունից: Արմեն Մալխասյանը հայտնեց, որ Արտուշ Սողոմոնյանը 2012թ. հունվարի 27-ին (դատաքննությունից 5 օր առաջ), Արարատի մարզի Մրգավան գյուղում գտնվող իր տանը կից հողամասի վերջնամասում հրազենային կրակոցով ինքնասպան է եղել: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ապօրինի զենք կրելու (քր.օր.-ի 235 hոդված) և ինքնասպանության դրդելու (110 հոդված) հատկանիշներով:
Թե ինչն է Արտուշ Սողոմոնյանին դրդել սուտ մատնություն անելու, և ով է ինքնասպանության դրդել` կպարզի նախաքննությունը, բայց մինչ այդ արձանագրենք. կարծես թե իրականանում են Հովիկ Աբրահամյանից տուժածների պաշտպանության կոմիտեի նախագահ, նույն անձից տուժած և այժմ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի` մոտ մեկ տարի առաջ «Ժամանակի» հետ զրույցում արած կանխատեսումները: Հղում անելով մամուլում հայտնված տեղեկատվությանը` նրան հարցրել էինք, թե հնարավո՞ր է, որ Գազի Հովոն Արարատի մարզում մարզպետի կամ այլ բարձր պաշտոն ստանա: «Հայաստանում ամեն ինչ հնարավոր է,- պատասխանել էր Վիրաբյանը: – Ամենակարևորը` չմոռանանք, որ Գազի Հովոն ընդդիմադիր չէ, Գազի Հովոն խնդիր ունի Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ Հովիկ Աբրահամյանը հակասություն ունի հենց իշխանության հետ` նպատակ ունենալով ամբողջ իշխանությունն իրենով անելու… Բնական է, որ հաջորդ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների ժամանակ ոչ այնքան քաղաքական դրդապատճառներով, ինչքան անձնական, աշխատելու են Հովիկ Աբրահամյանի դեմ: Դա բնական երևույթ եմ համարում, որովհետև այսօր մարդիկ կուզենան օր առաջ մեղադրանք առաջադրել Հովիկ Աբրահամյանի ընտանեկան կլանին»: Սակայն դեռ այն ժամանակ զրուցակիցս քիչ հավանական էր համարում հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանի վերադարձը Հայաստան` այն տրամաբանությամբ, որ Հովիկ Աբրահամյանը դեռ բարձր պաշտոն էր զբաղեցնում, իսկ Ջոնիկ Աբրահամյանի անվան շուրջ շրջանառվող քրեական պատմությունները չէին դադարում, և նրանք կարող էին նույնիսկ արդարադատության վրա ազդել:
Հիշեցնենք, որ այն ժամանակ տեղեկություններ հայտնվեցին մամուլում, ըստ որոնց Հովիկ Աբրահամյանի եղբայրը կրակոցներով ահաբեկում է հարկայինի աշխատակիցներին, մարդու են վրաերթի ենթարկում, սակայն այդպես էլ պատասխան չեն տալիս: Եթե Հովիկ Աբրահամյանը խնդիր ուներ իշխանության հետ, ապա ինչո՞ւ պաշտոնանկ չէին անում նրան և շարունակում էին հովանավորել: Գրիշա Վիրաբյանը նախ դա բացատրել էր Հովիկ Աբրահամյանի` իշխանության որոշ ներկայացուցիչների հետ ունեցած և դեռ պահպանվող բազմաշերտ ու սերտ կապերով, իսկ երկրորդ` իրականությանը մոտ վարկածը սա էր. «Հովիկ Աբրահամյանը ինքը ընտրովի պաշտոն է վարում և շատ բարձր: Բնական է, որ Հայաստանի, Արցախի մարտահրավերները ունենալով, հանրապետության նախագահը երևի համբերում է կամ սպասում է հարմար պահի…»:
Չի բացառվում, որ հարմար պահն արդեն եկել է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական հարաբերություններ ունեցող Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ արվեց ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ, իսկ Գազի Հովոյի դեմ տրված հանցագործության մասին հաղորդումներն այլևս բացասաբար չեն ազդում Գազի Հովոյի վրա: Ավելին` Ջոնիկ, Հովիկ Աբրահամյաններ-Գազի Հովո «ռազբորկաներին» այս կամ այն կերպ առնչվող անձինք ինքնասպան են լինում: Սա կարող է այլ բան նշանակել, բայց մինչ այդ հիշեցնենք այդ ընտանիքների միջև եղած «ռաբորկաների»` ավելի վաղ մամուլում շրջանառված վարկածը. 2009-ի ապրիլի 4-ին Գազի Հովոյի որդին` Վիլեն Ղազարյանը, վիճաբանության մեջ էր մտել Հովիկ Աբրահամյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի (Ջոնիկ) տղայի` Հովհաննես Աբրահամյանի (Հովհան) հետ: Հովհանը Արարատ քաղաքում հարբած վիճակում վարել էր իրեն պատկանող Jeep մակնիշի ավտոմեքենան` հայհոյելով անցորդներին: Ավելի ուշ սկսել էր հայհոյել հանդիպակաց մայրուղով անցնող տաքսու սերվիսի տիրոջը` Վիլեն Ղազարյանին: Տաքսու վարորդներն այս մասին տեղեկացրել էին Վիլենին, վերջինս էլ իրեն պատկանող ջիպով հասել էր Հովհանի մեքենային և ետևից սկսել կրակել: Վերջինս փախել էր մեքենայով, ապա շուրջ քսան մարդու հետ եկել էր Վիլենի ծնողների առանձնատուն և ինքնաձիգներից կրակահերթեր արձակել Գազի Հովոյի տան վրա: Դրանից հետ վերջինս իր ընտանիքի անդամների հետ փախուստի մեջ էր: Իհարկե, այդ երկու ընտանիքների միջև ավելի վաղ էլ էր բախում եղել: 2006թ. հունիսի 7-ին, ժ. 00:30-ի սահմաններում, Շահումյան գյուղում գտնվող «Նորայր» ՍՊԸ բենզալիցքավորման և «Դոն» տաքսի ծառայության մոտ 15-20 հոգու մասնակցությամբ «ռազբորկա» էր տեղի ունեցել` դարձյալ Գազի Հովոյի տղայի, նախկինում դատապարտված Վիլիկ Ղազարյանի և Աբրահամյանների որդիների միջև: Էլի փոխհրաձգություն էր եղել, Վ. Ղազարյանը իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով «խուլիգանական արարքներ կատարելով»` կրակել էր, հետո` ձերբակալվել: Զենքը հայտնաբերվել էր դեպքի վայրում և առգրավվել: Ու թեև այդ քրգործի նախաքննությամբ այն ժամանակ սկսել էր զբաղվել մարզային դատախազությունը, բայց գործը կարճ ժամանակ անց տեղափոխվել էր Երևան` գլխավոր դատախազություն, որտեղ էլ ծածկադմփոց էին արել:
Այդուհանդերձ, չի բացառվում, որ դատախազությունն այս նախընտրական շրջանում ակտիվորեն սկսել է աշխատել նախկինում սառեցված, Աբրահամյաններից Հովհանին վերաբերող դեպքի` «Գազի Հովոյի» տան վրա արձակած կրակոցների բացահայտման ուղղությամբ: Չի բացառվում, որ այս գործով այնքան նեղած լինեն Աբրահամյաններին, որ, ասենք, նրանց «խաթր» մեկը փորձի հակառակ մեղադրանք (անստորագիր նամակի տեսքով) ներկայացնել «Գազի Հովոյին»` այդ երկու գործերի միջև հավասարության նշան դնելու և երկուսն էլ «ջրելու» հնարավորություն ստեղծելու նպատակով: Այդ հավասարության նշանը դնելու անհաջող փորձն էլ, ասենք, կարող էր հենց ինքնասպանության հանգեցնել: Եվ այս առումով հետաքրքիր է իմանալ, թե ով է Արտուշ Սողոմոնյանին ինքնասպանության հասցրել: Հնարավոր է նաև, որ ինքնասպան լինողը դատարանում ստիպված լիներ ասել բաներ, որոնք կարող էին ոմանց համար ճակատագրական լինել` մի քանի տարվա ազատազրկման ձևով:
Ի դեպ, դատախազության ակտիվությանը կարող է նպաստած լինել հենց Գրիշա Վիրաբյանը: Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ իրեն են դիմել Աբրահամյաններից տուժած ևս 5 ընտանիքներ և հանձնվել Բելգիայի իշխանություններին: Նրանց մեծ մասին Աբրահամյանները «քցել էին»` գինու գործարանի հետ կապված գործարքների միջոցով, ապա` վախեցրել: Դրանք հավաստող ապացույցները հանձնվել էին Գրիշա Վիրաբյանին, որոնք նա ՀՀ գլխավոր դատախազությանը պետք է ներկայացներ նախընտրական փուլում, որպեսզի ինչ-որ հետևանք ունենար…








































