ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և արտերկրում բնակվող նրանց ընտանիքի անդամները գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն էլեկտրոնային եղանակով:
Նախօրեին ԿԸՀ նիստում սահմանվել է այդ անձանց` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները:
«Վերոհիշյալ կարգի դրույթները տարածվում են նաև ՀՀ գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա»,- տեղեկացրել են ԿԸՀ-ից:
«Մեդիամաքս«-ի հետ զրույցում ԿԸՀ անդամ Տաթև Օհանյանը պարզաբանել է, որ էլեկտրոնային եղանակով ընտրություններին կարող են մասնակցել միայն այս երկու խումբ անձինք:
«Էլեկտրոնային տարբերակով ընտրությունների անցկացումը նոր Ընտրական օրենսգրքի պահանջն է: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս եղանակը կփորձարկվի առաջին անգամ»,- ասել է նա:
Պատասխանելով «Մեդիամաքս»-ի այն հարցին` ինչպե՞ս կարող են արտերկրում բնակվող կամ ընտրությունների օրը այնտեղ գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները մասնակցել ընտրություններին` ԿԸՀ անդամը պատասխանել է, որ համաձայն Ընտրական օրենսգրքում 2007թ. արված փոփոխությունների՝ այդ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ՀՀ դեսպանատներում կազմակերպվող ընտրությունների մասին դրույթը ուժը կորցրած է ճանաչվել:
«Էլեկտրոնային եղանակով ընտրությունների մասնակցության եղանակը դեռևս պիլոտային ծրագիր է: Եթե այն արդարացնի իրեն, ապա հետագայում այս եղանակով ընտրություններին կարող են մասնակցել քաղաքացիների ավելի լայն շրջանակներ»,- հավելել է Տաթև Օհանյանը:








































