ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ՀՀ և ԵՄ միջև ազատ առևտրի հաստատումը դիտարկում է թե՛ դրական, թե՛ բացասական հնարավոր կողմերից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ազատ առևտուրը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ ՀՀ պետական բյուջեի վրա՝ մուտքերի, եկամուտների հավաքագրման առումով:
«Այդ առումով մենք պետք է այդ փուլը պատվով անցնենք, եվրոպական արժեքները պատշտպանելուց: Ժողովրդավարական ինստիտուտներին ինտեգրվելու կամ մեզ մոտ տեղադրելու առումով անշուշտ մենք պետք է ունենանք այդպիսի ազատ առևտրի միություն: Բայց դա ունի տարբեր վիճակներ. մեր երկրի պետական եկամուտները հանկարծ չպետք է պակասեն»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Նրա կարծիքով` ՀՀ–ի և ԵՄ–ի միջև կայանալիք բանակցությունները կբերեն նրան, որ փոխադարձ շահավետ լուծում կգտնվի երկու կողմերի համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՝ Հայաստանի կողմից բանակցությունների կատարված աշխատանքների վերջնական գնահատականի ժամկետը: Փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:








































