Ֆրանսիացի մի խումբ սենատորներ այսօր տեղեկացրել են, որ դիմել են Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որն արժանացել է երկրի խորհրդարանի երկու պալատների հավանությանը և սպասում է նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ձախ ուժերը ներկայացնող սենատորների խումբը հայտարարել է, որ օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկելու համար հավաքվել է 72 սենատորների ստորագրություն` պահանջվող թվից 12-ով ավելի։
Սարկոզին մտադիր է օրենքը ստորագրել սահմանված 15-օրյա ժամկետում։









































