Երկրի գլուխը չի կարողանում քաղաքական կամք դրսևորել` կոռուպցիան զսպելու համար. նա ինքը կոռուպցիոն բուրգի գագաթն է: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
«Կոռուպցիան ծանր քրեական հանցագործություն է, և մարդը իմանալով դրա մասին` պետք է ձեռքը հետ քաշի իրեն առաջարկվող կաշառքից: Միաժամանակ, եթե ես գող եմ, գողի ձեռքը բռնել չեմ կարող»,- ասաց նա:
Արա Հովհաննիսյանը Զոյա Թադևոսյանին խնդրեց կոռեկտ արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին խոսելիս. «Նա երկրի ղեկավարն է, ոչ թե կոռուպցիոն բուրգի գագաթը»:
Զոյա Թադևոսյանի խոսքով՝ ինքը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ չի համարում, քանի որ ընտրություններից հետո, որպես ԿԸՀ անդամ` ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը չի ստորագրել:
«Դուք պաշտեք նրան, իսկ ես ինձ համար կուռքեր չեմ սարքում: Ես հարգում եմ միայն հայրենիքը սիրող մարդուն, իսկ իշխանություններն ամեն հաջորդ ընտրությունների ժամանակ զարկ են տալիս ընտրակաշառքների ինստիտուտին»,- ասաց Թադևոսյանը:









































