Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այս պահին շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:
Ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի մուտքը ներկաները հոտնկայս ողջունեցին:
Պաշտպան Ոսկանյանը փորձեց տուժող ոստիկան Շահեն Հարությունյանից ճշտել, թե ինչու էին մյուս ակտիվիստներին էլ բերման ենթարկել, եթե ցուցմունքներում նշել էր, որ ամենաակտիվը Դավիթն ու Տիգրանն էին: Տուժողը չկարողացավ հարցին պատասխանել: Ասաց, որ տեսել է Դավիթ Քիրամիջյանին վաշտի հրամանատար Ղարիբյանին հարվածելիս: Նրա խոսքով` ոստիկաններից որևէ մեկը չի հարվածել տղաներին: Չի տեսել Դավիթ Քիրամիջյանի վայր ընկնելու պահը, սակայն տեսել է քաշքշուկի ընթացքում ոստիկաններից մեկի վայր ընկած գլխարկն ու անձամբ է վերցրել:
Տիգրան Առաքելյանի հարցին՝ երբ կապը լսել է, իրեն ասե՞լ են, թե ինչ է կատարվում իրականում, տուժողը պատասխանեց՝ իրեն հաղորդվել է մոտենալ և օգնել: Սակայն հետաքրքիրն այն է, որ որպես տուժող հանդես եկող ոստիկանության աշխատակիցը այդ պահին մոտեցել և կանգնել ու սկսել է նկարահանել: Տիգրան Առաքելյանի հարցին՝ տուժողի մասնագիտական պարտականությունն այդ պահին նկարե՞լն էր, թե՞ իրենից օգնություն պահանջող ծառայակիցներին օգնության հասնելը, տուժողը պատասխանեց՝ իրեն նկարելն էր ավելի հետաքրքիր:
Մի քիչ ավելի ուշ պարզվեց, որ այն բջջային հեռախոսը, որով ինքը նկարում էր, կորել է, սակայն, չգիտես ինչու, ոստիկանության աշխատակիցը չի կարևորել իր համար այդքան հետաքրքիր կադրեր պարունակող հեռախոսը փնտրելը, միայն բջջայինի քարտն է ակտիվացրել:
Տուժողը մե՛կ ասաց, որ իրավիճակն այնքան էլ բարդ չէր, որպեսզի ինքը նկարահանումը կիսատ թողներ ու շտապեր հասարակական կարգը պահպանելու, մե՛կ էլ ասաց, թե իրավիճակը ծայրահեղ ծանր էր, դրա համար էլ նկարում էր:
Հետաքրքիր է նաև այն, որ ոստիկանի՝ այդ պահին որպես օպերատոր հանդես գալու վերաբերյալ հարցերը դատավորին բնավ դուր չէին գալիս, ու Տիգրան Առաքելյանի պաշտպանին դատավորը թույլ չէր տալիս հարցերը հնչեցնել: Դատավորի ակտիվ միջամտությունն ի վերջո զայրացրեց փաստաբան Վահե Գրիգորյանին, ով դատավորից հետաքրքրվեց, թե ինչ մտավախություն ունի դատարանը, եթե թույլ չի տալիս պարզել ոստիկանից այդ պահին իր արած քայլերի իմաստը: Դատավարությունն այս պահին շարունակվում է դատավորի անհասկանալի վատ տրամադրության նոտայի ներքո, մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Բոլորը ձերբակալվել էին: Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը և Վահագն Գևորգյանը հետագայում ազատ էին արձակվել` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Իսկ Տիգրան Առաքելյանը մինչ օրս պահվում է կալանքի տակ:








































