«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը անդրադարձավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` ՀՀԿ-ին թալանչի անվանելու հայտարարությանը և նկատեց, որ նման հայտարարությունները նորություն չեն՝ պոպուլիստական են: «Դա սխալ տեխնոլոգիա է. ամբողջ իշխանությանը չի կարելի այդպես անվանել»,- նկատեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Գ. Եղիազարյանը հակադարձեց՝ ասելով, որ համաձայն է Լ. Զուրաբյանի արած հայտարարությանը, քանի որ խոսքը անձերին չի վերաբերում:
«Չէ՞ որ այսօր իշխանությունները վարչապետի անունով հայտարարում են, որ բնակչության 36-37 տոկոսը աղքատ է, մեր տվյալներով` 60-70 տոկոսն է աղքատ:
Եկեք մեկ անգամ կամք դրսևորենք և նորմալ ընտրություններ անցկացնենք: Աղքատը կուշտին ձայն չի տա»,- նկատեց Գ. Եղիազարյանը:
Լ. Ալեքսանյանը չհամաձայնեց՝ ասելով. պղնձամոլիբդենային գործարանը որքա՞ն գումար է փոխանցում բյուջե, ի համեմատություն, օրինակ, այլ գործարանների:
Անդրադառնալով երեկ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ` համախմբման վերաբերյալ հայտարարությանը՝ Գ. Եղիազարյանը նկատեց, որ միակ մտահոգությունն այն է, որ այս ամենը կարող է պետական ծրագիր լինել, այսինքն` լինի «շուկա»` պաշտոնների բաժանման համար. «Վարդան Օսկանյանի աչքերին եմ նայում` ինչ-որ չեմ հավատում»:
«Առաջին լրատվական»-ի հարցին` այսինքն՝ ձեզ համար ավելի լավ է լինի «ընդդիմադի՞ր» Օսկանյան` Քոչարյանի հրահանգով գործող և ՀԱԿ-ին ինչ-որ պրոցեսների մեջ ներքաշող, քան Օսկանյան, որը իշխանության` Ս. Սարգսյանի հրահանգո՞վ կգործի:
Գ. Եղիազարյանը պարզաբանեց, թե Ռ. Քոչարյանի հետ ոչինչ չունեն կիսելու: «Դուք հարցնում եք` Ռ. Քոչարյա՞ն, ես ասում եմ` Մարտի 1. Ռ.Քոչարյանը պատասխանատու է Մարտի 1-ի համար»:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ իսկ Վարդան Օսկանյանը պատասխանատու չէ՞ Մարտի 1-ի համար, նա պատասխանեց` այո, նա էլ է պատասխանատու:








































