«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում իր կուսակիցներին է բաժանել 4-ական պարկ ածուխ:
«Տեղեկությունը մենք ստացել ենք մասնավորապես Ոսկե հասկ և Մարմաջեն համայնքների բնակիչներից: Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ քարածուխ է բաժանվել նաև Գյումրիում: Բարեգործությունից հետո գյուղերի բնակիչներին նստեցրել են երթուղայիններ և տարել հունվարի 28- ին բանակի օրվան նվիրված դրամատիկական թատրոնում կազմակերպված միջոցառմանը:
Ի դեպ, նրանք, ովքեր ԲՀԿ անդամ չեն եղել, այս «բարիքից» չեն օգտվել: Դա արվել Է ցուցադրաբար, որպեսզի մյուսներն «ականջներին օղ անեն» և շտապեն անդամագրվել: Գյուղերում հայտարարվել Է, որ բոլոր նրանք, ովքեր չեն օգտվել քարածխի պարկերից, առաջիկայում կստանան կարտոֆիլ, ձեթ, ալյուր և պարարտանյութ:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանից, վերջինս ասաց, որ այդպիսի բան չկա: Բայց գյուղացիները ոչ միայն ստացել են այդ քարածուխը, այլև սկսել են բողոքել, որ քարածուխն այնքան անորակ Է, որ նորմալ չի վառվում»,- հավելում է թերթը:








































