Իտալական Legno storto պարբերականում հրապարակվել է Մատտեո Կացուլանի հոդվածը, որն անդրադառնում է նաև ղարաբաղյան հակամարտությանը.
«Եվրոպայի անվտանգությանն ու միջազգային հեղինակությանը սպառնացող հիմնական վտանգը բխում է նրա արևելքից: Իտալական ԶԼՄ-ները, չնչին բացառություններով, չափազանց քիչ ուշադրություն են հատկացնում հետխորհրդային տարածքին՝ փոխարենը շատ անդրադառնալով Աֆրիկային, Հարավային Ամերիկային: Նրանք շատ քիչ կամ ընդհանրապես չեն գրում Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային տարածքի մասին:
Եվրոպային պետք է անհանգստացնեն Ռուսաստանի կայսերական նկրտումները: Ռուսաստանը երբեք չի հրաժարավել հետխորհրդային տիրույթի նկատմամբ կայսերական նկրտումներից, որոնք ավելի կուժեղանան այս տարի:
Օրինակ՝ ղարաբաղյան հակամարտությունն այն բազմաթիվ միջէթնիկական հակամարտություններից մեկն է, որոնք Մոսկվան դեռևս ցարական ժամանակներից օգտագործել է տվյալ տարածաշրջանում իր կայսերական գերիշխանության պահպանման համար: Նույնը կարելի է ասել Ղրիմի պարագայում:
Ռուսաստանը փորձում է ներկայանալ որպես գերտերություն, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան: Այդ ամենը տեղի է ունենում ԵՄ-ին վնասելու հաշվին: Այդ նպատակին է ծառայում նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած Եվրասիական միությունը: Դա կնպաստի գլոբալ մրցակցության մեջ պաշտոնական Բրյուսելի դերակատարության թուլացմանը:
Դրա համար էլ եվրոպացիների ապագա սերունդները պետք է վախենան ոչ միայն իսլամական սպառնալիքից կամ անհանգստանան Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացման կապակցությամբ, այլ պետք է հաշվի առնեն նաև ռուսական գործոնը»:







































