ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստան են առաքվել ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում:
Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից, կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն:
Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերն արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների:
Գործընթացը նախատեսված է ՀՀ և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում:
2011թ. Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվել են 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր:








































