Ճիշտ կլինի, որ բոլոր 41 ընտրատարածքներում ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրի, սակայն այս առումով դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Խաչատուր Սուքիասյանի և այլ գործարարների առաջադրման հարց չի քննարկվել: Բիզնեսը և քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն: Միաժամանակ կանենք բոլոր քայլերը` ստիպելու հրաժարվել մեծամասնական ընտրակարգից: Մենք պատրաստ ենք անել ամեն բան, որպեսզի հասարակությունն իշխանություններին պարտադրի հրաժարվել մեծամասնական ընտրակարգից: Եթե մեզ դա չհաջողվի, կփորձենք խաղալ այդ խաղի կանոններով»,- ասաց նա:
Անդրադառնալով Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին` Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ՀԱԿ անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանն ուժեղ թեկնածու է և մեծ ժողովրդականություն է վայելում:
«Եթե ընտրակեղծիքներ չլինեն, նա անկասկած կհաղթի: Իսկ ՀՀԿ-ն թալանչիների ու բանդիտների կուսակցություն է, և եթե գնա ընտրակեղծիքների, մեր մեջ ավելի է ուժեղանալու վճռականությունը` վերջ տալ հանրապետական լուծին»,- ասաց ՀԱԿ համակարգողը:
Ամփոփելով`Լևոն Զուրաբյանը նշեց, որ փետրվարը լուրջ ամիս է լինելու, և ՀԱԿ-ի կողմից հանրահավաքային նոր ալիք կբարձրանա:








































