«Օգնեմ» հիմնադրամն արդեն չորրորդ տարին է, ինչ զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ: Մինչև 18 տարեկան հիվանդներին հիմնադրամը տրամադրում է դեղորայք, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը խոսեց իրենց և «Տաշիր» հիմնադրամի համագործակցության մասին: «Տաշիրը» քաղցկեղով հիվանդ 27 երեխաների տրամադրել է հիսունհինգ հազար դոլարին համարժեք դրամ:
Հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը նշեց, որ իրենք գումար են տրամադրել բոլոր այն երեխաներին, ովքեր կային իրենց ներկայացրած ցուցակում. «Չգիտեմ՝ համագործակցությունը «Օգնեմ»-իհետ կշարունակվի, թե ոչ, բայց կատարվել է ահռելի աշխատանք, ինչի համար շատ ուրախ ենք»:
Խոսելով հիվանդ երեխաների բուժման մասին՝ Էդգար Գյանջումյանն առանձնացրեց երկու հարց: Առաջինը մարզերից եկած հիվանդներին կացարանով ապահովելու հարցն է, երկրորդը՝ դեղորայքի. «Շատ երեխաներ ստիպված գնում-գալիս են Երևան, ինչի պատճառով բուժումն այնքան էլ արդյունավետ չէ. լավ կլիներ, որ բուժման ընթացքում նրանք ապրեին Երևանում: Կարևոր է նաև դեղորայքի խնդիրը. արտասահմանում նոր դեղեր են օգտագործում, որոնք Հայաստանում արտոնագրված չեն, բայց լավ կլիներ օգտագործել նաև այդ դեղերը»:









































