Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների առաջնորդները նախատեսում են առաջիկայում հանդիպում ունենալ, որի ընթացքում քննարկվող թեմաներից մեկը կլինի մեկ վարչական կառավարման տակ պաղեստինյան տարածքների միավորման հարցը:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, այժմ նախապատրաստական միջոցառումներ են տեղի ունենում Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Մաշաալի միջև:
Սպասվում էր, որ հանդիպումը տեղի կունենա փերվարի 1-ին, սակայն ավելի ուշ ծրագրերը փոխվեցին, քանի որ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մահմուդ Աբասը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Պաղեստինյան երկու շարժումների միջև բանակցությունները կընթանան Իսրայելի հետ անհաջող բանակցություններից հետո: Ակնկալվում է, որ հանդիպմանը Աբասը և Մաշաալը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները, ինչպես նաև Պաղեստինի հնարավոր անդամակցությունը ՄԱԿ-ին: Հատուկ ուշադրություն կդարձվի ՀԱՄԱՍ-ին և ՖԱԹՀ-ին ենթակա տարածքները մեկ ղեկավար կենտրոնի տակ միավորրվելու հարցին: Այս հարցի շուրջ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, Պաղեստինի ինքնավարության քաղաքական պառակտումը տեղի ունեցավ 2007 թ.: Դրանից հետո Գազայի հատվածի ղեակավարությունն իր վրա վերցրեց ՀԱՄԱՍ-ը, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափի վերահսկողությունն իրականացնում է ՖԱԹՀ-ը: Ուժերի այսպիսի դասավորությունը զգալիորեն բարդացնում է մերձավորարևելյան կարգավորման գործընթացը: