Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան, որը հաղթել էր Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ինչը հետո չեղյալ էր համարվել, հայտարարել է, որ մտադիր է իշխանությունը գրավել փետրվարի 10-ին: Այդ օրը նշանակվել է նրա երդման արարողությունը:
Ջիոևան նշել է. «Ես իմ պարտականություններին ձեռնամուխ կլինեմ փետրվարի 10-ին: Դեռևս չեմ կարող ասել, թե որտեղ տեղի կունենա երդման արարողությունը: Ես Հարավային Օսիայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վադիմ Բրովցևին կոչ եմ անում իշխանությունը քաղաքակիրթ ձևով հանձնել ինձ, քանի որ ես եմ նախագահ ընտրվել:
Երդման արարողության նշանակումը պայմանավորված է գործող ռեժիմի՝ ինձ չլսելու ցանկությամբ: Ես 3 անգամ նամակ եմ հղել Բրովցևին, սակայն ԶԼՄ-ների միջոցով պատասխան եմ ստացել, որ իմ գործողություններն ապակառուցողական են: Այդպիսի պայմաններում ինձ մնացել էր միայն մեկ բան. նշանակել իմ երդման արարողության օրը»:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ալլա Ջիոևան հետ էր վերցրել իր ստորագրությունը Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ կնքած համաձայնագրից և Վադիմ Բրովցևից պահանջել էր մինչև հունվարի 23-ն իրեն հանձնել իշխանությունը։
Ջիոևայի և Կոկոյտիի միջև համաձայնագիրը, որը միտված էր հանրապետությունում կայունություն մտցնելուն, քանի որ նախորդ տարվա նոյեմբերի 27-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումից սկսած՝ չէին դադարում ընդդիմության բողոքի ակցիաները, կնքվել է 2011 թվականի դեկտեմբերի 10-ին։
Հարավային Օսիայում նոր նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 25-ին։








































