Հունվարի 27-ին Մոսկվայի «Պոկրովսկիե Վորոտա» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անունից հանդես եկող Եղիա Ներսեսյանի հանդիպումը ՌԴ-ում հայ համայնքի որոշ անդամների հետ:
ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով այդ հանդիպման մասին տարածված հայտարարությունից ակներև էր, որ միջոցառման խնդրակարգը սերտորեն առնչվում է ՀՀ Լոռու մարզի Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ու պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր):
Հաշվի առնելով հանդիպման խնդրակարգը և այն, որ հանդիպման վերաբերյալ հայտարարություններում մասնակցության որևէ սահմանափակման մասին տեղեկատվություն չի եղել, հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է գործուղվել նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչը:
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման կազմակերպիչ ներկայացող անձինք և Եղիա Ներսիսյանը հրաժարվել են թույլատրել Ընկերության ներկայացուցչին ներկա գտնվել միջոցառմանը:
Միայն որոշակի բացատրական աշխատանքից հետո, որ այդպիսի կեցվածքն ու գործելաոճը որևէ ողջամիտ արդարացում չունեն և անհարիր են հասարակական գործունեության հիմնարար սկզբունքներին՝ Ընկերության ներկայացուցչի մուտքը թույլատրվել է, սակայն կտրականապես արգելվել է նրա շփումը լսարանի հետ և միջոցառման տեսագրումը։
Նման գործելաոճի վերաբերյալ՝ որպես կազմակերպիչ հանդես եկող անձանց կողմից ներկայացված հիմնավորումը հետևյալն է եղել. «երբ դուք այդքան ֆինանսական և մարդկային միջոցներ կծախսեք, կվարձակալեք այսպիսի դահլիճ, կհավաքեք այսքան մարդ, այդ ժամանակ էլ շփվեք լսարանի հետ և տեսագրեք միջոցառումը: Սա մեր կազմակերպածն է»:
«Հանդիպման ողջ ընթացքում Ընկերության ներկայացուցչին հնարավորություն չտրվեց որևէ պարզաբանում ներկայացնելու Ընկերության գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ և (կամ) որևէ հարց տալու ելույթ ունեցողներին:
Չարաշահելով ներկայացվող նյութը քննադատաբար վերլուծելու առումով լսարանի հիմնական մասի մասնագիտական անպատրաստությունը՝ միջոցառման ողջ ընթացքում իրականացվում էր ընդգծված քարոզ Ծրագրի դեմ: Հնչեցվում էին անհիմն մեղադրանքներ Ընկերության հասցեին և արգելափակվում ներկայացված մեղադրանքների առնչությամբ պարզաբանումներ տալու Ընկերության ներկայացուցչի փորձերը: Որոշ մասնակիցների դիտարկումներով՝ միջոցառման շրջանակներում կիրառված հնարներն առավել բնութագրական են տարաբնույթ աղանդավորական շարժումների, քան՝ բնապահպանական հասարակական կազմակերպություններին:
Չենթակվելով որպես կազմակերպիչ ներկայացող անձանց կողմից սահմանված անտրամաբանական արգելքին, Ընկերության ներկայացուցիչը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որով բոլոր ներկաներին հորդորեց նախքան որևէ հարցի մասին եզրահանգման գալը՝ Ծրագրին առնչվող իրենց մտահոգությունների վերաբերյալ հարցումներ անել նաև Ընկերությանը և միայն դրանից հետո անել եզրակացություններ: Այդուհետ, ի նշան այդպիսի գործելաոճի դատապարտման, Ընկերության ներկայացուցիչը լքեց դահլիճը»,- նշված է «Վալլեքս»-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունն իր մտահոգությունն է հայտնում անկախ Հայաստանի պատմության մեջ խոշորագույն տնտեսական ծրագրի նշանակությունն ու արժեքը հասարակության աչքում նսեմացնելու՝ վերջին շրջանում հաճախադեպ դարձած գործողությունների առնչությամբ, որոնց տիպական օրինակներից է վերը նկարագրված դեպքը:
Ընկերությունը հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին մինչ Ծրագրի վերաբերյալ որևէ եզրակացություն անելը կամ Ծրագրի վերաբերյալ որևէ դիրքորոշման հարելը խնդիրն ուսումնասիրել հնարավորինս համակողմանիորեն:
Իր ստեղծման օրից Ընկերությունը որդեգրել է իր գործունեության տեղեկատվական թափանցիկության սկզբունքը և մշտապես պատրաստակամ է համարժեք արձագանքելու հասարակության տեղեկատվական շահերը ներկայացնող անձանց հարցումներին:
՝








































