Բրիտանական Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնում բնակվող ռուս գործարարները Միջազգային հակակոռուպցիոն կոմիտե են ստեղծել, որի նպատակն է բացահայտել Վլադիմիր Պուտինի շրջապատում գտնվող պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը:
Լոնդոնը տասնյակ հարուստ ռուսների համար ապաստան է դարձել, քանի որ նրանց հետապնդում են հայրենիքում: Նրանց թվին է պատկանում նաև խոշոր շինարարական կազմակերպության նախկին ղեկավար Վալերի Մորոզովը: Թերթի տեղեկատվությամբ՝ նա ժամանել է Լոնդոն այս ամիս և դարձել կոմիտեի կարևոր անդամներից մեկը:
Կոմիտեն հայտարարել է, որ մտադիր է հայտնել հիսուն պաշտոնյաների անուններ, որոնք կոռուպցիայի ճանապարհով հսկայական հարստություն են կուտակել: Ըստ գործարարների՝ այս մարդիկ Պուտինի շրջապատից են:
Կոմիտեի անդամների նպատակն է արևմտյան իշխանություններին դրդել ստեղծելու ռուս պաշտոնյաների «սև ցուցակ», որում ընդգրկվածների համար արգելված կլինի մուտքը եվրոպական երկրներ:











































