Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունում 45 «օրենքով գող» է դատապարտվել, հիմնականում` թմրանյութեր պահելու մեղադրանքով, ինչպես նաև ապօրինի զենք կրելու, բնակարանային գողությունների, սպանությունների և այլ ծանր հանցանքների ու թեթև զանցանքների համար: Նրանց շարքում կան նաև հայկական ազգանուններ, բայց սկսենք ընդհանուր վիճակագրությունից` համապատասխան ժամանակագրությամբ:
2011թ. հունվարի 26-ին Մոսկվայում 8 տարվա ազատազրկման է դատապարտվել «Գոչա Զեստաֆոնսկի» մականունով Սուլակվելիձե Ֆ. Դ.-ն: Փետրվարի 3-ին Վիդնովսկի շրջանի դատարանը Գիա Գեորգաձեին (Գիա) դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Փետրվարի 4-ին Վորոնեժի դատարանը 1 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել «Պլոտնիկ» մականվամբ Օ. Պլոտնիկովին: Փետրվարի 7-ին Ուֆայի դատարանը 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Դ. Տիմուրգալեևին (Դամիր Ուֆիմսկի): Փետրվարի 10-ին Իրկուտսկի դատարանը 2000 ռուբլի վարչական տուգանքի է ենթարկել Տ. Սինատաշվիլուն (մականունը` «Մաֆիա»): Փետրվարի 17-ին էլ Մինուսինսկի շրջանի դատարանը 2000 ռուբլի վարչական տուգանքի է ենթարկել Գ. Տորիային (Գոչա Գալսկի): Փետրվարի 22-ին Յակուտսկի դատարանը վարչական իրավախախտման համար նույն` 2000 ռուբլու չափով տուգանքի է ենթարկել Ռ. Դանելիային (Ռամազ): Փետրվարի 22-ին Մոսկվայի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Տ. Ֆառոյանին (մականունը` «Տէկո»):
Փետրվարի 24-ին Դոլգոպռուդնենսկի շրջանի դատարանը 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Պ. Տվալչրելիձեին (Պաատ Մալենկի): Մարտի 11-ին Սոլնեչնոգորսկու շրջանի դատարանը 1 տարի 6 ամիս ժամկետով պայմանական պատժաչափ է տվել Լաշա Ջաչվլիանիին (Լաշա Օչամչիրսկի): Մարտի 16-ին Միտիշինսկի շրջանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ա. Գոգլաձեին (Գոչա Կուրկա): Մարտի 21-ին Մոսկվայի Չերտանովսկի շրջանի դատարանը 3 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Ս. Ակիմովին (Ակիմ Վոլգոգրադսկի): Մարտի 24-ին Նիժնի Նովգորոդի դատարանը 2000 ռուբլի վարչական տուգանքի է ենթարկել Գ. Ջանելիձեին (Գոգա): Մարտի 25-ին Մոսկվայի դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել Բ. Բակուրիձեին (Ռոմա Բատումսկի): Մարտի 31-ին Մոսկվայում 5 տարվա ազատազրկման է դատապարտվել Ի. Սիմոնիան (Մախո): Ապրիլի 5-ին Նովոռոսիյսկի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Գ. Մանուկյանին (Չիլկա): Ապրիլի 15-ին Նոգինսկի շրջանի դատարանը 80.000 ռուբլի տուգանքի է ենթարկել Վ. Իվանենկոյին (Վադիկ Կրասնոդարսկի): Ապրիլի 20-ին Ուդմուրտիայի Գերագույն դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ս. Սմիռնովին (Խրյուշա): Ապրիլի 22-ին Մինուսինսկի շրջանի դատարանը 2000 ռուբլու չափով վարչական տուգանքի է ենթարկել Մ. Բախիային (Բախա), իսկ մայիսի 11-ին` նաև «օրենքով գող» Չ. Շոնիային (Չառա): Մայիսի 18-ին Մոսկվայի Դորոգոմիլովսկի շրջանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Կ. Եղիազարովին (Կամո Մոսկովսկի): Մայիսի 23-ին Կրասնոգորսկի դատարանը 3 տարի 6 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել Դ. Մելկաձեին (Դատո Պոտիիսկի): Հունիսի 8-ին Մոսկվայի դատարանը 2000 ռուբլով տուգանել է Ս. Աբասովին (Սումբատ): Հունիսի 9-ին Կեմերովսկի մարզային դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել Ս. Շամազովին (Շամազ): Հունիսի 14-ին Սարատովի դատարանը 1 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Տ. Օզմանովին (Դատո): Հունիսի 28-ին Մոսկվայի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վ. Միտինին (Մոտիլ): Հունիսի 6-ին Մեդվեդևսկի շրջանի դատարանը 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Մ. Գոգիային (Մելիա): Հուլիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի դատարանը 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Ա. Բելյաևին (Խոբոտ): Հուլիսի 11-ին Մոսկվայի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ս. Գևորգյանին (Ստյոպա Տբիլիսկի):
Հուլիսի 18-ին Ռամենսկու շրջանի դատարանը 5 ամսվա ազատազրկման է դատապարտել Ա. Կուշներովին (Կուշներ): Հուլիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի դատարանը 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Ա. Սևերովին (Սաշա Սևեր): Հուլիսի 29-ին Մոսկվայի դատարանը 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Գ. Չիխլաձեին (Կվեժոևիչ): Օգոստոսի 2-ին Լյուբերեցկի շրջանի դատարանը 3 տարի 6 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել Ա. Կիրյուխինին (Շարխան): Օգոստոսի 2-ին Կիզիլսկի շրջանի դատարանը 2000 ռուբլի վարչական տուգանքի է ենթարկել Դ. Էդիշվերաշվիլիին (Բագոր): Օգոստոսի 4-ին Օրենբուրգի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել Ռաշիդ Խաչատրյանին (Ռաշիդ Ջամբուլսկի): Օգոստոսի 16-ին Մոսկվայի դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել Դ. Շարաբիձեին (Դատո): Օգոստոսի 25-ին Գորոդեցկու շրջանի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ի. Նովիկովին (Նովիկ): Օգոստոսի 31-ին Մոսկվայի դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Լ. Նատենաձեին (Լեռի): Սեպտեմբերի 19-ին Օդեսայի դատարանը 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Օ. Բեկաևին (Օմար Ուֆինսկի): Նոյեմբերի 2-ին Մոսկվայի դատարանը 2000 ռուբլի վարչական տուգանքի է ենթարկել Գ. Կարդավային (Գիզո): Նոյեմբերի 2-ին Մոսկվայի դատարանը 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել Վ. Սուլեյմանովին (Վագիֆ Լենքորանսկի):
Նոյեմբերի 17-ին Մոսկվայի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Ռ. Դանելիային (Ռամազ): Դեկտեմբերի 22-ին Կրասնոդարի դատարանը 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Ռ. Ամոյանին (Եզդի Ռաֆո): Դեկտեմբերի 27-ին Դոնի Ռոստովի դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Ս. Ասատրյանին (Օսետրինա): Դեկտեմբերի 29-ին Նովոսիբիրսկի դատարանը 3 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտել Մ. Գորգիձեին (Միրիկիա): Դեկտեմբերի 29-ին Մոսկվայի դատարանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Մ. Չկադուային (Մամուկա):
Ի՞նչ եղանակ են ստեղծում հայկական ազգուններով «օրենքով գողերը»
«Օրենքով գող» Թեյմուրազ Ֆառոյան. 37-ամյա Թ. Ֆառոյանը հանցաշխարհում հայտնի է որպես Տէկո Տբիլիսկի: 2011-ի փետրվարի 22-ին Մոսկվայի Կուզմինսկու շրջանի դատարանը նրան դատապարտել էր 4 տարվա ազատազրկման` առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ պահելու համար: Ծագումով Թբիլիսիից Ֆառոյանը դասվում է աշխատավոր «օրենքով գողերի» թվին, որոնք ապրում են ոչ թե «կոմերցիոն կառույցներին» «տանիք» դառնալով, այլ քրեական գործունեությունից ստացվող միջոցներով: Թ. Ֆառոյանը «օրենքով գող» է «թագադրվել» 1990-ականներին` Թբիլիսիում: 1993-ից նա հիմնավորվել է Մոսկվայում, որտեղ նրա ենթակայության տակ են գտնվում մի քանի հանցախմբեր` մասնագիտացած ավազակային հարձակումների և կողոպուտների մեջ: Թ. Ֆառոյանը ազգությամբ եզդի է:
Տէկոն շատ ակտիվ մասնակցություն է ունենում «հանցավոր միջավայրում» և լրջորեն ազդում Մոսկվայի տարածաշրջանի քրեածին իրավիճակի վրա: Տէկոն «օրենքով գողի» կանոններով վերահսկում է դրությունը մի շարք ՔԿՀ-ներում, նյութական օգնություն է ցույց տալիս դատապարտյալներին, կոորդինացնում է «զոն նայողների» նշանակման հետ կապված հարցերը:
Գեորգի Մանուկյան (Չիլկա կամ Ժորիկ Տբիլիսկի). Ծնունդով Թբիլիսիից Գեորգի Մանուկյանը թագադրվել է 1993-ին` իր հայրենիքում` Դեդ Հասանի երաշխավորությամբ: Դրանից անմիջապես հետո Ժորիկը տեղափոխվել է Կրասնոդար` իր կնքահոր դիրքերն այդ տարածաշրջանում ամրապնդելու: Մանուկյանն իր 18 տարվա քրեական կենսագրության ընթացքում ոչ մի անգամ չի դատապարտվել: 2010-ին նրան ձերբակալել են Նովոռոսիյսկի իրավապահները: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են 3,5 գրամ քաշով հերոին: Հայտնվելով Նովոռոսիյսկի ՔԿՀ-ում, Ժորիկը «օրենքով գողի» կանոններով փորձել է իր հեղինակությունը բարձրացնել, սակայն «օրենքով գողին» անհարիր կտրուկ սայթաքումներից հետո նրան տեղափոխել են Կրասնոդար: Ասում են, որ առաջին անգամ ճաղերի հետևում հայտնված Ժորիկի հեղափոխական ամբիցիաներն ընդամենը քմծիծաղ են առաջացրել և դրսում գտնվող ընկերների համար` դժվարություններ ստեղծել: Չնայած դրան, Մանուկյանի ազդեցիկ հովանավորների ջանքերով Ժորիկը դատապարտվել է տվյալ հոդվածով նախատեսած պատժաչափի նվազագույնով` 3 տարվա ազատազրկման:
Կամո Եղիազարով կամ Կամո Մոսկովսկի. Նախկինում դատված, ծնունդով Թբիլիսիից Կ. Եղիազարովը 1975 թ. բնակվում է Մոսկվայում և համարվում է այնտեղի ամենահայտնի հայ «օրենքով գողերից» մեկը: Նա համարվում է հին գողական ավանդույթների հետևորդ և նախընտրում է չխառնվել այն գործերին, որտեղ «մեծ փողեր» կան: Եղիազարովի ղեկավարած հանցախումբը զբաղվում է խարդախություններով և գործարարների միջև ծագող տարաբնույթ և տարբեր մակարդակի խնդիրներ լուծելով: Նախավերջին անգամ Կամոն քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004 թ.` Մոսկվայի հայ գործարարներից մեկին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բացահայտ հափշտակելու համար: Այնուհետև այդ մեղադրանքը վերաորակվել է դրամաշորթության, և նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Վերջին անգամ 48-ամյա գողին ձերբակալել են 2011-ի հուլիսին` Մոսկվայում: Անձնական խուզարկությամբ հանցաշխարհի գեներալի մոտից հայտնաբերվել է 8,32 գրամ հերոին, ինչի համար էլ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` առանձնապես խոշոր չափերի և ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար:
Ստեփան Գևորգյան կամ Ստյոպա Ռոստովսկի. 2011-ի մարտի 28-ին Մոսկվայում գտնվող իր տանը ձերբակալվել էր նախկին «օրենքով գող» Ս. Գևորգյանը` Ստյոպա Տբիլիսկին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել էր 5,21 գրամ հերոին, և ապօրինի, ու առանձնապես խոշոր չափերի թմրանյութ պահելու համար անցյալ տարի նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման: Ս. Գևորգյանի ղեկավարած հանցախումբը զբաղվում է բնակարանային կողոպուտներով: Ծնունդով Թբիլիսիից Ս. Գևորգյանը նախկինում դատապարտվել է 8 անգամ և ազատազրկման վայրերում անցկացրել է 25 տարի: Նախավերջին անգամ դատապարտվել է 2005-ին` Դոնի- Ռոստովում` թմրանյութ պահելու համար: Ի դեպ, Ս. Գևորգյանի հարազատ քույրը եղել է Կամո Եղիազարովի կինը, ով մահացել է թմրանյութի մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով:
Ռաշիդ Խաչատրյան կամ Ռաշիդ Ջամբուլսկի. 2011-ին Օրենբուրգի շրջանային դատարանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտել հանցախմբի պարագլուխ Ռաշիդ Խաչատրյանին, իսկ հանցախմբի 14 անդամներին` 3,5-20 տարվա ազատազրկման` սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրամաշորթության համար: Ըստ գործի տվյալների` Ռաշիդի գլխավորած մի քանի հանցախմբերը գործել են Օրենբուրգի մարզում` 1997-2007թթ.: Նրանք հսկել են թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառությունը, ավտոբիզնեսը: Ըստ ՌԴ ոստիկանության մամլո հաղորդագրության` 2006-ին ազատվելով կալանավայրից, Ռաշիդ Ջամբուլսկին հասկացել էր, որ տեղի ոստիկաններն իրեն հանգիստ չեն թողնի գործել և, լքելով Ռուսաստանը, շարունակել էր Երևանից, հեռախոսով ղեկավարել հանցախումբը: Այդ ընթացքում ՌԴ իրավապահները ձերբակալել էին հանցախմբի անդամներին և հանցավոր կառույցի հիերարխիայի լիդերներին: Իսկ Ռաշիդ Խաչատրյանին կալանավորել էին հայ իրավապահները և ՌԴ գլխավոր դատախազ Յ. Չայկայի պահանջով` հանձնել Ռուսաստանի իրավապահներին:
Ռաֆիկ Ամոյան. մականունը` «Եզդի Ռաֆո». Անցյալ տարի, մայիսին Կրասնոդարի Զիպովսկու անվան հիվանդանոցում ձերբակալվել էր 47-ամյա «օրենքով գող», «Եզդի Ռաֆո» (կամ` Ռաֆո Կրասնոդարսկի) մականունով Ռաֆիկ Ամոյանը: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել էր հերոին և մարիխունա տեսակի թմրանյութեր, ինչի համար էլ դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ծնունդով Երևանից Ռ. Ամոյանը մշտական գրանցում ունենալով Ադիգեայի Գիագինսկու շրջանում, տևական ժամանակ ապրել է Կրասնոդարի մարզում` հանդիսանալով «օրենքով գող» Դեդ Հասանի մերձավորներից մեկը:
Սերգեյ Ասատրյան. մականունը` «Օսետրինա» Սերյոժա-Բենտլի. Ծնունդով Վրաստանից Ս. Ասատրյանը հանցաշխարհում հայտնի է «Օսետրինա» մականունով: Անցյալ տարվա հուլիսին իրավապահները նրան ձերբակալել էին` տեղեկանալով, որ նա պատրաստվում է հաշվեհարդար տեսնել ՔԿՀ-ում գտնվող մի տղամարդու նկատմամբ, ով իբր ներքին ինֆորմացիաներ էր հայտնել Օսետրինայի գլխավորած հանցախմբի մասին: Վերջինս հեռախոսով հրահանգել էր կոտրել այդ տղամարդու մարմնի այն բոլոր մասերը, ինչը հնարավոր է կոտրել:
Օսետրինան դրա համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: 1986թ. ծնված Ս. Ասատրյանը Մոսկվայում ապրում էր առանց համապատասխան գրացման, իսկ Մոսկվայում ղեկավարում է այն բանդաները, որոնք զբաղվում են գործարարների դրամաշորթությամբ, բնակարանային կողոպուտներով: Նա նաև լուրջ կշիռ ունի «թբիլիսյան» հանցամիավորման մեջ: Բացի դա, նա հսկում և կոորդինացնում էր Դոնի Ռոստովի ՔԿՀ-ում «զոն նայողներին»: Օսետրինան ամենաերիտասարդ «օրենքով գողերից» է: Նրա հայրը ևս «օրենքով գող» է` Օսետրինա-Ստարշին:









































