Իտալիայի նավթավերամշակման գործարանների միության ղեկավար Պիերո դե Սիմոնեն հայտարարել է, որ Ասիայի երկրներն Իրանից էժան գնով նավթ են գնում և թանկ գնով վաճառում են եվրոպական երկրներին, ինչը դառնում է նավթավերամշակման գործարանների սնանկացման պատճառ:
«Ներկա պահին միայն Իտալիայում 5 նավթավերամշակման գործարաններ փակման եզրին են: Մեր հաշվարկներով՝ Եվրոպայում մոտ 70 այդպիսի գործարաններ գտնվում են սնանկացման եզրին:
Եթե նույնիսկ եվրոպական նավթավերամշակման գործարաններն իրանական նավթը փոխարինեն արաբականով և ռուսականով, միևնույն է՝ այդ գործարանները կսնանկանան ասիական նավթի ավելի էժան լինելու պատճառով: Իրանը նավթ է մատակարարում առանց սահմանափակումների և միշտ կգտնի գնորդ: Ներկայումս Եվրոպայում միայն խոշոր նավթավերամշակման գործարանները, որոնք արտադրում են դիզելային վառելիք, կարող են շարունակել իրենց գործունեությունը: Մնացած գործարանների կենսունակությունը վտանգի տակ է»,- ասել է Պիերո դե Սիմոնեն:








































