Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը երեկ «168 ժամ»-ի հետ զրույցում լուրջ կասկածի է ենթարկել ԲՀԿ-ի «Մեր խոսքը գործ Է» կարգախոսը:
«Անդրադառնալով «ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկին, որին միացել Է նաև ԲՀԿ-ն, Էդ. Շարմազանովն ասել Է, թե ԲՀԿ-ն ազնիվ ու անկեղծ չէ իր գործողություններում: «Պետք է ընդամենն ասեմ, որ ազնիվ չեն, անկեղծ չեն:
Նրանց փաստարկներն այնքան էլ հիմնավոր չեն: Կարծում եմ, որ քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ: … Սա քաղաքական հնարք է, ազնիվ չէ, ու մենք այստեղ տեսնում ենք խոսքի և գործի հստակ տարբերություն: Ավելի լավ բան կարող էին հորինել»:
Նա նաև հիշեցրել է, որ կոալիցիոն հուշագրով իրենց՝ կոալիցիոն բոլոր ուժերի վրա պարտավորություն է դրված իրականացնելու ՀՀ նախագահի ծրագրերը՝ ասելով. «Ոչ միայն ՀՀԿ֊ի, այլև կոալիցիոն մյուս երկու ուժերի համար էլ պետք է հասկանալի լինի, որ պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է»:
Ապա՝ անդրադառնալով ՀՀԿ- ԲՀԿ լարված հարաբերություններին, նա հայտարարել է, թե որքան մոտենում են ընտրությունները, այնքան տարաբնույթ մեկնաբանությունների կամ ամբիցիաների դրսևորումների ականատես կարող ենք լինել: «Միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ- ն այս քաղաքական մարաթոնի հիմնական ֆավորիտն է: Քաղաքական պայքարում ոչ թե սպրինտն է (սպրինտը 100մ վազքն է), այլ մարաթոնն է, որը 42 կմ 195 մ է գնում: Սպրինտում կարող է շունչդ հերիքի մինչև 100 մետրի, դրանից հետո արդեն դժվարանաս վազել»,- ասել է Շարմազանովը: Հարցին, թե՝ «սպրինտ ասելով՝ ԲՀԿ-ի՞ն նկատի ունեք», Աժ փոխխոսնակը պատասխանել է.
«ՀՀԿ-ն քաղաքականության մեջ մարաթոնյան վազքի կողմնակիցն է, և կարևորը արագ ստարտը չէ, կարևորը ճիշտ ֆինիշին հասնելն է: Եվ ես համոզված եմ, որ ինչպես նախկինում, այս խորհրդարանական ընտրություններին էլ ճիշտ ֆինիշին կհասնի ՀՀԿ-ն»:









































